Քաղաքականություն
24.06.2026 | 14:05
«Արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի հողեր վերադառնալու հարցը պետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այս իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության մասին»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման ժամանակ։
«Համայնքը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, պահանջում է, որ միջազգային կազմակերպությունները և միջազգային հանրությունը ճանաչեն և ապահովեն այս մարդկանց իրավունքները։ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայում խաղաղության բանակցություններ են վարում։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակում պետք է պարզաբանվի նաև Արևմտյան Ադրբեջանից փախստականների վերադարձի հարցը։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ պետք է հաշվի առնի տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունները։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը պաշտպանում է խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանային համագործակցությունը։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների իրենց տները վերադառնալու իրավունքը և չխոչընդոտի այս գործընթացին», – հայտարարել է նա։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր անդամ Ռիզվան Նաբիևն էլ լրագրողներին ասել է, թե «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի հարցն արդեն իսկ իրավական հարթությունում առաջ է շարժվում և արտացոլվում է միջազգային ֆորումներում տարածված և ընդունված փաստաթղթերում»։
Նշենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։ OC Media-ն ավելի վաղ հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։
Վերջին օրերին էլ Բաքուն ավելի ակտիվացրել է այս քարոզչական արշավն ու մի շարք միջոցառումներ կազմակերպել, որը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն իրականում շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության գործընթացով ու ակտիվացնում է սկսված գործընթացը խաթարելու քայլերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի