Քաղաքականություն
23.06.2026 | 16:06
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է հաջորդ շաբաթ Հայաստան այցելել։ Այս մասին Politico-ին հայտնել են ծրագրերին ծանոթ երեք աղբյուրներ։
ԵՄ պատվիրակությունը, որի կազմում կլինի նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, կայցելի Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու բարձր մակարդակի դրսևորմամբ, այն բանից հետո, երբ նրա եվրոպամետ կուսակցությունը վճռական հաղթանակ տարավ երկրի հունիսյան խորհրդարանական ընտրություններում, ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հուլիսի 1-ի այցը, որի ծրագրերը դեռևս վերջնականապես չեն որոշվել, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Փաշինյանը ձգտում է ամրապնդել Հայաստանի հեռանալը Մոսկվայից և խորացնել կապերը Եվրամիության հետ՝ երկրի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվեի շրջանակում քվեարկությունից հետո։
«Մենք տեսել ենք, որ երկիրը Ռուսաստանի կողմից ենթարկվում է ինտենսիվ և հետևողական ճնշման. այցը կուղարկի աջակցության ուժեղ ազդանշան՝ շարունակելով արդեն իսկ տրամադրված կոնկրետ աջակցությունը»,- անանունության պայմանով ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը, որն աշխատում է նախատեսված ուղևորության վրա։
Աղբյուրները հավելել են, որ դա ուղերձ կլինի, որ «Եվրոպան այստեղ է ձեզ համար»։
Այս ուղևորությունն այլ հետևանքներ ունի Բրյուսելի համար, քանի որ հուլիսի 1-ին նախատեսված Հանձնակատարների կոլեգիայի նիստը չեղարկվել է՝ ըստ երկու պաշտոնյաների։
Լրատվամիջոցը նշում է, որ հաջորդ շաբաթվա ուղևորությունը կլինի ֆոն դեր Լեյենի երկրորդ այցը Հայաստան երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Հանձնաժողովի նախագահը մայիսին Երևանում էր՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը հյուրընկալել էր Հայաստանը՝ նախքան ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին մասնակցելը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի