Պարզվում է՝ երկրի գլխավոր ֆինանսական գերատեսչությունը, որը կոչված է մշակելու և իրականացնելու պետական ֆինանսական քաղաքականությունը, սեփական կարիքների համար միլիոնավոր դրամների խորհրդատվական ծառայություններ է ձեռք բերում արտաքին մասնագետներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կնքված վերջին պայմանագրերը և ուշագրավ փաստեր արձանագրել։ Պարզվում է՝ երկրի գլխավոր ֆինանսական գերատեսչությունը, որը կոչված է մշակելու և իրականացնելու պետական ֆինանսական քաղաքականությունը, սեփական կարիքների համար միլիոնավոր դրամների խորհրդատվական ծառայություններ է ձեռք բերում արտաքին մասնագետներից։

Մասնավորապես, նախարարությունը ՀՀ քաղաքացի Լուսինե Միքայելյանի հետ այս տարվա հունիսի 4-ին կնքել է 4 մլն 40 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ ֆինանսական մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ֆինանսական մասնագետի ծառայություն է ձեռք բերել պայմանագրային հիմունքներով։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ նույն օրը նախարարությունը մեկ այլ պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացի Հասմիկ Օրդուխանյանի հետ՝ գնումների մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով։ Պայմանագրի արժեքը կազմել է 13 մլն 56 հազար դրամ։

Փաստացի, նախարարությունը, որի հիմնական գործառույթների շարքում են պետական ֆինանսների և գնումների համակարգերի կառավարումն ու վերահսկողությունը, նշված ծրագրի շրջանակներում ներգրավել է արտաքին խորհրդատուների՝ ֆինանսական և գնումների մասնագետների ծառայություններ ստանալու նպատակով։ Ընդ որում, երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 17 մլն դրամ։

Այս հանգամանքը հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Եթե ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից ստանում է զգալի ֆինանսավորում, ունի բազմաթիվ վարչություններ, բաժիններ և մասնագիտական ստորաբաժանումներ, ապա ինչո՞ւ են նման գործառույթների իրականացման համար լրացուցիչ միլիոնավոր դրամներ վճարվում արտաքին խորհրդատուներին։

Այդ դեպքում ինչո՞վ են զբաղված Ֆիննախի աշխատակիցները, որոնք աշխատավարձից բացի նաև շռայլ պարգևներ են ստանում։

ՀՀ ֆինանսների նախարարությունից այս առիթով պարզաբանել են «Ժողովուրդ» օրաթերթին, որ. «ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՖՆ) և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ) միջև 2024 թ. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՖՆ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև 2024 թ. կնքվել է հիշյալ նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որով, որպես դրամաշնորհի տրամադրման պայման, սահմանվել է, որ հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող նախագծերի գնումները կազմակերպվելու են ԿԶԵՀ գնումների ընթացակարգերով, որոնք էականորեն տարբերվում են «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության շրջանակներում գործող ներպետական կանոններից։ Այսինքն՝ արտաքին խորհրդատուների ներգրավումն ուղղակիորեն բխում է դրամաշնորհային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից, իսկ այդ պարտավորությունները խախտելը, ի թիվս այլ հետևանքների, կարող է հանգեցնել նախագծի ֆինանսավորման կասեցման կամ ոչ նպատակային ծախս ճանաչվելու ռիսկերի»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment