Բագրատ սրբազանը 1 տարվա ընդմիջումից հետո Մայր տաճարում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ սրբազանն այսօր Մայր տաճարում մասնակցում է Սուրբ պատարագի։

Հերթական դատական նիստի ժամանակ դատավոր Կարեն Ֆարխոյանը թեպետ բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը՝ սրբազանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բայց և թույլ տվեց Մայր տաճարում մասնակցելու կիրակնօրյա պատարագներին։

Մայր աթոռի բակում բազմաթիվ մարդիկ հավաքվել էին՝ Բագրար սրբազանին տեսնելու, նրա օրհնությունը ստանալու համար։

«Հենց զգացողության մասին հարց եք տալիս, հուզվում եմ։ Սա իմ հոգևոր ծննդավայրն է»,- տաճարի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանը։

Նա Մայր աթոռ էր եկել Մեծ Հայքի քարտեզը պատկերող կրծքանշանով։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու հենց այդ քարտեզը։

«Սա իմ Հայաստանն է, որը թե՛ իմ կյանքում, թե՛ իմ մտքում, թե՛ ապրումների, երազների, ձգտումների ու տեսիլքների մեջ իրական Հայաստանն է, որտեղ ծնվել է մեր ազգը, և յուրաքանչյուրը միլիմետրը մեր սրբազան երկրի գերագույն արժեք է»,- նշեց Բագրատ սրբազանը։

Նա բազմաթիվ հավատացյալների մոտ Մայր տաճարի մուտքի մոտ կանգնած՝ սպասում էր վեհափառի հայրապետին։ Ի թիվս մյուս հավատացյալների՝ Ամենայն հայոց կաթողիկոսը նաև սրբազանին օրհնեց ու մի քանի խոսք ասաց։ Բագրատ սրբազանին ջերմ գրկախառնությամբ ողջունեցին վեհափառին ուղեկցող թափորի հոգևորականներից մի քանիսը, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որի դեմ ևս քրեական հետապնդում է հարուցված և ով ևս տևական ժամանակ կալանավորված է եղել։

Sputnik Արմենիա

Leave a comment