Զրուցել ենք Թաթոյանի գործընկեր, նույն ցուցակով ընտրություններին մասնակցած «Շանթ դաշինք» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանի հետ։
– Իսկ ո՞նց եք պատկերացնում ապագայում քաղաքական գործընթացները, մանդատները վերցնել-չվերցնելու հարցն է օրակարգային, ի՞նչ լուծում եք տեսնում։
– Եթե մենք լինեինք իրենց պարագայում, մեր դիրքորոշումը կարտահայտեինք։
– Ձեր խորհրդով օգնեք գործընկերներին։
– Ի՞նչ օգնենք, էդ մարդիկ ասում էին՝ կրելու ենք, 2021-ին էլ էին ասում։
– Դուք էլ էիք շատ բան ասում։
– Ոչ մի տեղ չեք կարող տեսնել, որ մենք նման բան ենք ասել։ Ասել ենք, որ կա հավանականություն, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մենք անցնելու ենք խորհրդարան։ Իսկ մյուս ընդդիմադիր ուժերն իրենց գործընկեր ուժերին վարկաբեկում էին, ասում` 2 տոկոս ձայն են հավաքելու։
– Դուք էլ եք բազմիցս հարվածել ընդդիմադիրներին, հիմա հեգնում եք, թե ասել են` կրելու ենք, կարծում եք՝ արդար ընտրություններ են եղել, ու չե՞ն կրել։
– Չէ, ես համարում եմ, որ ընտրությունները խախտվել են, լեգիտիմ չեն եղել, վերջին 3 տեղամասերի արդյունքների չեղարկումը դրա ապացույցն է, բայց Դուք այլ հարց եք տալիս, ես այլ բանի եմ պատասխանում, վերջում այլ հետեւություն եք անում։
– Ուղղակի Ձեր հեգնանքը զգացվեց, ասել են՝ կրելու ենք, ես էլ հարցնում եմ` մաքուր ընտրություն է եղել, ու չե՞ն կրել, Դուք էլ ասում էիք՝ անցնելու ենք խորհրդարան, բա ինչի՞ չանցաք։
– Դուք երբեւէ չեք տեսնի, որ մենք ասել ենք՝ հաղթելու ենք։
– Լավ, հիմա, ըստ Ձեզ, ի՞նչ ճանապարհ ունի ընդդիմությունը։
– Այդ մարդիկ պետք է որոշեն, հիմա մի բան ասեմ, կասեն՝ մանդատ չունես, հանգիստ խոսում ես։ Բայց եթե իրենք հայտարարել են, որ գնում են իշխանությունների տապալմանը, այլ ոչ թե մանդատներ վերցնելուն, հիմա թող մտածեն, չեն կարողացել իրենց խոստումը կատարել՝ տապալել իշխանություններին, ի՞նչ պիտի անեն։ Իրենց համար իրենց խոստո՞ւմն է կարեւոր, խորհրդարանում լինելով կարողանալո՞ւ են իրենց խոստումն իրագործել, թե՞ ․․․ եթե կարեւոր է խոստում պահելը, դա ուրիշ բան, եթե` ոչ, դա հարցի մյուս կողմն է։ Արդեն վիդեոներ են պտտվում, որ այսօրվա մանդատակիր ինչ-որ մեկն ասում էր՝ 25 մանդատով մտնենք խորհրդարան, ի՞նչ անենք։ Հիմա ասում է՝ գնանք վերցնենք մանդատները։
– Իսկ չվերցնելն ի՞նչ է տալու։
– Եթե չեն ճանաչում, ասում են՝ լեգիտիմ չի եղել, թող, ուրեմն, չվերցնեն, մյուս կողմից էլ՝ կարող են վերցնել ու շարունակել պայքարը, դուրս գալ փողոց կամ չվերցնել` նորից դուրս գալ փողոց։
– Համարում եք, որ փողոցո՞վ պետք է լուծեն իշխանության հարցերը։
– Համարել-չհամարելու խնդիր չկա, այդ մարդիկ խոստանում էին՝ եթե մեր քվեն գողանան մեզնից, հեղափոխություն ենք անելու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման բան է ասել` բա ո՞ւր է խոստացած հեղափոխությունը, քանի՞ անգամ պիտի խաբի ժողովրդին։ 2021-ին ասաց՝ պիտի կրենք, չկրեց, այս անգամ ասաց` հեղափոխություն ենք անելու: Դառնում են ընդդիմադիր լիդերներ․․․ Հազար անգամ ասացինք՝ ձեր գոյությունը խանգարում է իշխանության դեմ պայքարում, շատ վատ 10 տարիներ ենք ունեցել, բայց գալիս ու խաբում են ընդդիմադիր հատվածին, էլի գնում են։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: