Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու գրավչությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հարակից ելույթում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է առաջարկվող նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել փոփոխություններին:
«Ուզում եմ արձանագրել, որ այս նախագիծը մեր հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի անցման: Շատ կարեւոր եմ համարում: Խնդրում եմ կողմ քվեարկել, քանի որ սա մեզ օգնելու է, որպեսզի ստվարանան մեր շարքերը երիտասարդ պայմանագրայիններով: Մարդիկ, որոնք ունակ են դառնալու մեր բանակի միջուկն ու կորիզը»,- եզրափակիչ ելույթում ասել է նախարարը:
Փետրվարի 6-ին քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Հանձնաժողովը նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նախաձեռնությամբ սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով առաջարկվող հինգ տարբերակներից մեկը.
- ծառայել 24 ամիս ժամկետով,
- ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,
- ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,
- ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,
- զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:
Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, կոչ է արել կողմ քվեարկել:
Կառավարությունը չի առարկում նախաձեռնության ընդունմանը. ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն: