ԵՄ գործընկերները շնորհավորել են Արարատ Միրզոյանին

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքիր գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Լյուքսեմբուգում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձեւաչափով հանդիպմանը։

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ «ԵՄ գործընկերները շնորհավորել են Արարատ Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների եւ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ»։ 
«Ընդգծվել է ԵՄ եւ անդամ երկրների աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետեւողական կյանքի կոչման, եվրոպական ինտեգրման առաջմղման գործում քաղաքական հանձնառությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ զարգացումները նախընտրական եւ հետընտրական շրջանում՝ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիներն իր քվեարկությամբ վերահաստատեցին իրենց կամքն՝ ապրելու խաղաղության մեջ եւ պաշտպանելու անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիությունը, բարգավաճման ընտրված ուղին, ինչպես նաեւ Հայաստանի՝ եվրոպական հեռանկարների նկատմամբ ձգտումները», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության ավելացման, ՀՀ տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ավելացման ուղղությամբ կիրառելի մեխանիզմների եւ հնարավոր քայլերի շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում եւ տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ մինչ այս ԵՄ եւ անդամ պետությունների կողմից ցուցաբերված աջակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ուղղությամբ աշխատանքներն ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ առանձին պետությունների հետ ակտիվ փոխգործակցությամբ», – հաղորդում են Հայաստանի ԱԳՆ-ից:

Leave a comment