Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանի դեմ պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվություն կրեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովման համար։
Այս մասին Իրանի ԱԳ նախարարը նշել է Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում։
Արաղչին ընդգծել է տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության պահպանման կարևորությունը՝ շեշտելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կարևոր դեր ունի հետագա սրացումները կանխելու գործում։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Անկարային, Բաղդադին և Կահիրեին՝ տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին ցուցաբերած աջակցության համար։