Հազիվ մի արդարացման դատավճիռ էր կայացվել, այն էլ բողոքարկեցին

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Վիրաբ Համբարձումյանի «Սառը զենք հասկացության իրավական նշանակությունը. դոկտրինալ եւ գործնական հիմնախնդիրներ» հրապարակումը, որը լույս էր տեսել «Դատական իշխանություն» ամսագրում, որին անդրադարձել էինք, սառը զենքի մասին էր («Առավոտ» օրաթերթ 13.05.2026): Ըստ նրա՝  արտասահմանյան երկրների օրենսդրությանը խորթ է «սառը զենք» հասկացությունը: Հեղինակն  առաջարկել էր ապաքրեականացնել սառը զենք կրելը, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքից դուրս բերել սառը զենքի վերաբերյալ առկա իրավակարգավորումները, միեւնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ գլխում նախատեսել նոր բովանդակությամբ նոր հանցակազմ: Հարգարժան իրավաբանը տարբեր երկրների դատական պրակտիկան է ներկայացրել, օրենսդրությունը: Մասնավորապես, ֆրանսիական օրենսդրությունն ընդհուպ զենք է համարում կենդանուն, եթե այն օգտագործվել է սպանելու, մարմնական վնաս պատճառելու կամ անձին սպառնալու համար: Գերմանական օրենսդրությամբ կտրող-ծակող զենք է համարվում՝ կտրող, ծակող, խոցող, հարվածող, նետվող սարքը, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ մարմնական վնասվածք պատճառելու համար։

Մենք բազմաթիվ դատական գործեր ենք ներկայացրել, երբ նույն եղանակով, նույն այգիներում, հանրային վայրերում, մոտենում են քաղաքացուն, կալմեջ անում, գտնում …դանակը, նույն փորձագետը գալիս է դատարան, ասում, որ մեենք ռուսական գրականությունից ենք օգտվում, վկաներն էլ լինում են այն ոստիկանները, ովքեր անձի գրպանից հանում են…դանակը կամ դանակ հիշեցնող իրը:

ՍՊ ընկերություններից մեկի  փոխտնօրեն Կարեն Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել  2022 թ. մայիսի 7-ին։ Ըստ մեղադրանքի՝ նա ապօրինի կերպով գոտկատեղի հատվածում կրել էր գործարանային արտադրության դանակ, որը վերջինիս տաբատի աջ գոտկային հատվածից հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափաման միջոցը:

Հետագայում պարզվել էին որոշ հանգամանքներ. 2022 թ. մայիսի 7-ին սահմանից՝ Սյունիքի մարզից Կարապետյանը վերադարձել է Երեւան: Հանրապետության հրապարակով քայլել է դեպի «վերնիսաժի» կողմը, եւ ապա պետք է գնար տուն: Նալբանդյան փողոցում նրան են մոտեցել պարեկային ծառայության աշխատակիցները եւ սառը զենք կրելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ոստիկանության Կենտրոնական բաժնում Կարապետյանն ընթերակաների ներկայությամբ ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ էլ տաբատի աջ գրպանից  հայտնաբերվել է դանակ, այն վերցվել է ոստիկանության աշխատակցի կողմից: Կարապետյանն ասել է, որ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը միշտ չէ, որ պահել է իր մոտ, քանի որ նոր էր իջել պոստերից, իր հետ վերցրել էր, որպեսզի տաներ տուն, իսկ պոստերում զուտ անվտանգությունից ելնելով պահել է իր մոտ, քանի որ պոստերը գտնվել են վտանգավոր հատվածում, թշնամին իրենցից գտնվել է 50 մ հեռավորության վրա։ Հարցին պատասխանել է, որ դանակը գնել է խանութից, տեղյակ չի եղել, որ այն հանդիսացել է սառը զենք, «քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող երկկողմանի սահմանափակիչով այդ դանակը» որեւէ տեղ չի օգտագործել, որեւէ մեկին դրանով չի հարվածել, նման նպատակ եւ մտադրություն չի ունեցել:

2023 թ. դեկտեմբերի 18-ին Կարապետյանի նկատմամբ արդարացման վերդիկտ էր կայացվել: Ըստ Երեւանի քրեական դատարանի` ստանդարտը, որի հիման վրա կատարվել է փորձաքննությունը եւ որոշվել է համապատասխան առարկայի սառը զենք լինելը, հասանելի եղանակով պաշտոնական որեւէ աղբյուրում հրապարակված չէ, այդ ստանդարտը կարելի է գտնել միայն համացանցային տիրույթում առկա կայքէջերում, այն դեպքում, երբ Դատարանի համար պարզ չի եղել, թե այդ կայքերը պաշտոնական են, թե ոչ, որպիսի պայմաններում չի երաշխավորում դրանց համապատասխանությունը բնօրինակին եւ առաջացնում է ողջամիտ կասկած դրանցով սահմանված՝ սառը զենք հանդիսացող դանակների հատկանիշների արժանահավատության վերաբերյալ: Դատարանը փաստել էր, որ փորձաքննության ենթարկված զենքը չի համապատասխանում «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետով սահմանված չափանիշներին։

Գործով միակ վկան էլ ոստիկանության ծառայողն էր` Ռաֆիկ Պռազյանը, ով հայտնաբերել էր խուզարկության ժամանակ:

Մեղադրողը բողոք է բերել, պահանջել ամբողջությամբ բեկանել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Կենտրոն նստավայրի,  2023թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը եւ Կ. Կարապետյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով եւ նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ՝ տուգանքի ձեւով:

Վերաքննիչ քրեական դատարանը դատախազ Գ. Գուրգենյանի վերաքննիչ բողոքը մերժել է:

Վճռաբեկ բողոք է բերել այս անգամ ՀՀ գլխավոր դատախազը` Աննա Վարդապետյանը: Ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանների կողմից իրականացված արդարադատությունը չի ծառայել իր նպատակներին, որի արդյունքում խախտվել է հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռությունը եւ միաժամանակ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը ստորադաս դատարանների տարբեր դատական ակտերում տարաբնույթ է մեկնաբանվել, ուստի առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։

Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնել առաջին ատյանի դատարանին,  այն, որ ՀՀ ներպետական իրավական համակարգում բացակայում են այն ստանդարտները, որոնց հիման վրա հնարավոր է հաստատված համարել Կ. Կարապետյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված առարկայի՝ քաղաքացիական շեղբով երկկողմանի սահմանափակիչով գործարանային արտադրության գոյատեւման դանակի սառը զենք հանդիսանալու փաստը։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը  Կարեն Կարապետյանի վերաբերյալ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թ. դեկտեմբերի 18-ի դատավճիռը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թ. ապրիլի 26-ի որոշումը բեկանել է ու վարույթը փոխանցել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։

Ըստ բարձր դատարանի իրավական դիրքորոշումների, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչպես նաեւ պատշաճ գնահատման չենթարկելով սույն գործով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված՝ պատշաճ ապացուցման քրեադատավարական սկզբունքի խախտում։ Նշված խախտումերն իրենց բնույթով էական են եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն` հիմք են Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ «հիշյալ ստանդարտը, գիտական աղբյուրների հետ մեկտեղ, այս վարույթով կիրառվել է ոչ թե որպես հանցակազմը սահմանող օրենսդրական ակտ, այլ փորձագետի կողմից օգտագործվել է, որպես տեղեկատու գրականություն, հետեւապես նշված ստանդարտի օգտագործումը չի ենթադրում փորձաքննության կատարման կարգի էական խախտում, որը կբացառեր փորձագետի եզրակացությունը որպես թույլատրելի ապացույց օգտագործելու հնարավորությունը»:

Կարապետյանն, ի դեպ, մասնակցել է Արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմին, պատերազմում նաեւ վիրավորվել է, «Երկրապահ» կամավորական ջոկատի անդամ է, գնդացրորդ, 2021 թվականից մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը, պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ տարբեր գերատեսչական մեդալներով եւ Հայաստանի «Երկրապահ» հուշամեդալով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment