ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Այվազյանն ընտրությունների վավեր լինելու հարց է բարձրացնում։
«Եթե ընտրությունների արդյունքները կարելի է վերանայել, ապա ընտրություններն այլևս ընտրություն չեն։ Այս ընտրությունները հարց են բարձրացնում՝ ով է որոշում ապագա ԱԺ կազմը՝ ժողովո՞ւրդը, թե՞ պաշտոնյաները»,- հայտարարեց Արա Այվազյանը։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։
Արա Այվազյանը հիշեցրեց, որ անհապաղ խորհրդակցություններ են մեկնարկում ընդդիմադիր ուժերի հետ՝ պաշտպանելու ոչ թե ԲՀԿ-ին, այլ ընտրելու իրավունքը։
Նա դիմեց ժողովրդին՝ նշելով, որ այսօր կարևոր չէ, թե ում օգտին են քվեարկել, այլ կարևոր է այն հարցը՝ ընտրողի քվեն արժեք ունի՞, թե՞ այն պայմանական է։
«Հարցը շատ պարզ է՝ ընտրությունը պատկանում է ժողովրդի՞ն, թե՞ պատկանում է վերանայողներին։ Մենք հասել ենք շատ վտանգավոր սահմանագծին։ Այս կողմում ընտրություններն են, մյուս կողմում՝ իմիտացիան։ Եթե մենք թույլ տանք, որ խախտվեն այս կարմիր գծերը, ապա ընդհանրապես ավարտվում է ընտրության գաղափարը»,- հայտարարեց Այվազյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա