Վրաստանի վարչապետը, որն առաջինը շնորհավորեց Փաշինյանին հաղթանակի առիթով, հիմք է ընդունել ՔՊ-ական «սեփական հաշվարկները», կամ՝ Փաշինյանի սոցցանցային էջերից մեկը. Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Նաեւ, կարծում եմ, ԿԸՀ-ն տվյալները հրապարակում է, եւ ակնհայտ է», – այսպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանն իր կուսակցության հաղթանակի մասին։ Նախքան ԿԸՀ-ի՝ բոլոր ընտրատեղամասերի արձանագրված արդյունքների հրապարակումն ու ի մի բերելը։

Սա նշանակում է, որ

ա/ Փաշինյանի համար ԿԸՀ-ն արդեն ձեւական մի կառույց է, եղած-չեղած,

բ/ Վրաստանի վարչապետը, որն առաջինը շնորհավորեց Փաշինյանին հաղթանակի առիթով, հիմք է ընդունել ՔՊ-ական «սեփական հաշվարկները», կամ՝ Փաշինյանի սոցցանցային էջերից մեկը։

գ/ Փաշինյանն է այսուհետ լինելու ոչ միայն ՀՀ կառավարությունը, այլեւ ԿԸՀ-ն (կարդա վերը բերված մեջբերումը), ՆԳՆ-ն (հիշիր Արթուր Օսիպյանի ձերբակալության պատճառը), Դատախազությունը (հիշիր հրապարակված բազմաթիվ գաղտնալսումները), ԱԱԾ-ն (հիշիր, թե քանի քաղգործչի է անվանել օտարերկրյա գործակալ, նախքան այդ մասին այս կառույցի հրապարակային հայտարարությունները) ու ուրիշ ինստիտուտները։

Այս ընտրությունների դեռեւս անպատասխան հարցն ինձ համար մնաց այն, թե ո՞վ է այն ուղերձի հեղինակը, ում գլխում է ծագել այդ «դարակազմիկ» միտքը, որով առաջարկվում էր քաղաքացիներին քվեարկության չգնալ հագուստով, որոնց վրա մրցակից ուժերի ընտրական համարներ կան պատկերված։ Ով գիտի՞։ Իմ տեսած ՔՊ-ական բոլոր բարձրաստիճանները քվեարկության էին գնացել հայտնի քարտեզի կրծքանշանով։

Եթե ինձ հարցնեն , թե ինչ տարբերություն կա էն հանրահայտ «հայկական ռադիոյի» ու 2026-ի ընտրությունների միջեւ, ապա կասեմ, որ տարբերությունն այն է, որ «հայկական ռադիոյի» պատմությունները միշտ ծիծաղելի են, 2026-ի ընտրություններինը՝ միայն մասնակի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment