Հաճախ եղանակն ամենից լավ կանխատեսում են տատիկներն ու պապիկները՝ սկսվող հոդացավը անձրևի կամ ջերմաստիճանի անկման նախանշան համարելով, սակայն, խոստովանենք, որ մեր օրերում երիտասարդներն էլ են նման կապ զգում եղանակային փոփոխությունների ու հոդերում առաջացող անհարմարությունների միջև։
Անգամ բժիշկներն են նկատում, որ իսկապես, կա կապ հոդացավերի ու անձրևոտ, ցրտաշունչ օրերի միջև, սակայն այդ կապն ուսումնասիրող հետազոտությունների արդյունքները միանշանակ չեն։
Մթնոլորտային կամ օդի ճնշումը կարող է ազդել հոդերի վրա, սակայն դեր ունեն նաև խոնավությունը, տեղումներն ու ջերմաստիճանը։ Հենց դա էլ բարդացնում է մասնագետների գործը, որոնք փորձում են պարզել, թե եղանակային կոնկրետ որ պայմաններն են որոշ մարդկանց մոտ հոդացավերի սրացման պատճառ դառնում։
Ինչպե՞ս է եղանակն ազդում հոդերի վրա
Բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել այս ուղղությամբ, որոնք, սակայն, այս հարցի հստակ պատասխանը չեն տվել։ Խնդիրը մասամբ նաև այդ հետազոտությունների մեջ է, քանի որ դրանցից շատերը կատարվել են սակավաթիվ մարդկանց հարցումների հիման վրա, ինչև բավարար չէ այդ կապը լրջորեն ուսումնասիրելու համար։
Այնուամենայնիվ այդ կապը հաստատող մի շարք տեսություններ կան։ Դրանցից մեկի համաձայն՝ հոդացավեր, մասնավորապես արթրիտ ունեցող մարդիկ կարող են զգայուն լինել մթնոլորտային ճնշման փոփոխությունների նկատմամբ։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Հնարավոր է, երբ մաշվում են հոդերի ներսում գտնվող ոսկորները փափկեցնող աճառային հյուսվածքները, բացված ոսկորների նյարդերը զգում են ճնշման փոփոխությունները։
Մեկ այլ տեսության համաձայն՝ մթնոլորտային ճնշման փոփոխությունները կարող են ջլերի, մկանների ու սպիական հյուսվածքների լայնացում կամ կրճատում առաջացնել, ինչն էլ կարող է արթրիտով ախտահարված հոդերում ցավեր առաջացնել։ Ցածր ջերմաստիճանի պատճառով կարող է փոփոխության ենթարկվել նաև ներհոդային հեղուկի խտությունը՝ դառնալով ավելի պինդ ու հոդերում կարծրության զգացողություն առաջացնելով։
Հոդացավերը սրվում են նաև շարժունակության նվազման պատճառով, քանի որ ցուրտ կամ անձրևոտ եղանակներին մարդիկ սովորաբար ավելի քիչ են շարժվում՝ նախընտրելով տանից դուրս չգալ, իսկ նման դեպքերում հոդերն անշարժությունից սկսում են այտուցվել ու ցավալ։
Ինչպե՞ս թեթևացնել եղանակային պայմանների հետ կապված հոդացավերը
- Առաջին և ամենից պարզ թվացող գործողությունը հետևյալն է՝ ջերմաստիճանը նվազելուն պես փորձեք պահպանել մարմնի՝ ձեզ համար կոմֆորտ ջերմաստիճանը, եթե չի ստացվում արագ տաքանալ, տաք լոգանք ընդունեք։
- Կարող են օգտակար լինել ոտքերի ու ձեռքերի պարաֆինային լոգանքները, ինչպես նաև ջեռակները։
- Խորհրդակցեք բժշկի հետ ցավազրկողների հետ կապված․ բժիշկը կարող է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ նշանակել։
- Անկախ եղանակային պայմաններից՝ հոգացեք ձեր առողջ քաշի մասին ու աշխատեք ֆիզիկական ակտիվություն պահպանել՝ զբաղվելով այնպիսի վարժություններով, որոնք կարող են ամրացնել մկաններն ու ոսկրերը։
- Մի ծանրաբեռնեք հոդերը, խուսափեք ծանրություններ բարձրացնելուց։
- Եվ իհարկե չմոռանաք առողջ սննդի և բավարար քնի մասին։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չունի բուժում նշանակելու նպատակ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: