Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով, քանի որ օդային հաղորդակցության խաթարումները և ներքին անվտանգային ճգնաժամը սպառնում են ամբողջությամբ մեկուսացնել երկիրը։ 

Այս նախազգուշացումը հնչել է փետրվարի 5-ին, երբ փետրվարի 6-ին Օմանում մեկնարկում են բարձր մակարդակի բանակցություններ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև՝ նպատակ ունենալով մեղմել տարածաշրջանային լարվածությունը։

Վիրտուալ դեսպանատունը հորդորում է քաղաքացիներին չսպասել կառավարության օգնությանը և օգտվել Հայաստանի հետ Ագարակ/Նորդուզ կամ Թուրքիայի հետ Բազարգան, Ռազի և Սերոու սահմանային անցակետերից, որոնք ներկայումս մնում են բաց և հասանելի։

Իրանի իշխանությունների կողմից կապի միջոցների և ազգային ինտերնետի հասանելիության խիստ սահմանափակումները զգալիորեն բարդացրել են հաղորդակցությունը երկրի ներսում։ 

Դեսպանատնից վերահաստատել են զգուշացումը, որ ԱՄՆ-ի հետ որևէ առնչություն ունեցող անձինք, հատկապես երկքաղաքացիները, ենթակա են կամայական ձերբակալությունների և հարցաքննությունների, իսկ ԱՄՆ անձնագրի ներկայացումը կարող է դիտարկվել որպես թիրախավորման հիմք։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 6-ին Օմանում։ 

Այս բանակցություններն ընթանում են տարածաշրջանային լարվածության ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ուժեր կուտակել Արաբական ծովում՝ նախորդ ամիս Իրանում բողոքի ցույցերի ճնշումից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնն ակնկալում է քննարկել ոչ միայն միջուկային ծրագիրը, այլև բալիստիկ հրթիռների, պրոքսի ցանցերին աջակցելու և սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի հետ կապված հարցերը։

The post Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը appeared first on CIVILNET.

Leave a comment