Նաիրա Զոհրաբյանը երեկ առաջին անգամ «զարհուրելի կերպով խղճացել» է Նիկոլ Փաշինյանին

«Բացի պետական և մասնավոր բուհերից, քոլեջներ կան, դպրոցներ կան, դասընթացներ կան․ որտեղ նայեք, տեսեք՝ ինչ կարող եք գտնել։ Երբ շռնդալից տապալվեց բժշկական համալսարանի շոուն, երբ նույնիսկ վկաները, որոնք պեղվել էին և բերվել դատարան այդ երկու տարուց ավելի տևած խայտառակ ֆարսի ընթացքում, հասկանալի էր, որ մի նոր բուհ պիտի «երկնեին», «ծննդաբերեին» շատ արագ, և պատճառը, բնականաբար, Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեությունն ու քաղաքական ակտիվությունն է»,- Քննչական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իր համար ինչ-որ առումով անսպասելի էին Արմեն Աշոտյանի և Արման Սահակյանի ձերբակալությունները։

Այսօր սկսված ձերբակալությունները Նաիրա Զոհրաբյանը դիտարկում է իշխանության նախընտրական վախերի մեջ։ Ասաց՝ երեկ Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական ցուցակների առաջին հորիզոնականը զբաղեցնողների բանավեճը դիտելիս՝ առաջին անգամ «զարհուրելի կերպով խղճացել» է Նիկոլ Փաշինյանին․ «Որովհետև նրա մշտական թեզերը՝ թալանը, կեղեքելը, մանկապարտեզի հոսանքը, նույնիսկ ամենաերդվյալ, «պլինդուզի տակից պինցետով հանված» նիկոլականն այլևս չէր հավատում նրան։ Նրան ջախջախեցին երեկ Նարեկ Կարապետյանը, Արման Թաթոյանը, Լևոն Զուրաբյանը, Էդմոն Մարուքյանը՝ ուղղակիորեն, և դա մի շատ ողբերգական տեսարան էր։ Նրա այս երկար տարիների՝ թե՛ լրագրողի, թե՛ պատգամավորի, թե՛ վարչապետի գործունեության ընթացքում մշտապես եղել են նույն նարատիվները՝ թալան, կերել են, թալանել են, մանդատ տվեք՝ գնամ նորից։ Եվ բնական է, որ նա պիտի դիմեր ռեպրեսիաների, որովհետև այլ գործիք չի մնացել։ Նրա ողջ պաշտոնավարման ընթացքում եղել են ռեպրեսիաներ։

Երբ նա երեկ խոսում էր, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, և որ ով վարչական ռեսուրս կիրառի՝ իր անձնական թշնամին է, ապա դա վերաբերում է հենց իրեն, քանի որ համատարած վարչական ռեսուրս է կիրառվում, և մարդիկ բերման են ենթարկվում, ինչը չի էլ թաքցվում։ Բնական է, որ նա դիմելու էր այս գործողություններին, այդ թվում՝ Արման Սահակյանի դեպքում»։

Նա Արմեն Աշոտյանին և Արման Սահակյանին կոչ է անում՝ պինդ մնալ, սա էլ կանցնի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Հիշեցնենք, այսօր առավոտից պարզ դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է։ Նույն գործով ձերբակալվել են նաև Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Արտյոմ Խաչատրյանը։ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվել է։ Մեղադրանք է առաջադրվել նաև գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ Ձերբակալվել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment