«ՀՀ-ում արտադրված որակյալ գյուղմթերքն արտահանվելու է՝ անկախ որեւէ երկրի կամ շուկայի ստեղծած արհեստական խոչընդոտներից»․ նոր որոշումներ արտահանման ոլորտում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասաց, որ որոշման նպատակն է մեկ շուկայից կախվածության նվազեցումը եւ հայկական ապրանքների դիրքավորումը համաշխարհային շուկայում։ «Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում աջակցել տնտեսվարողներին՝ դիվերսիֆիկացնելու շուկաները եւ ձեւավորելու մատակարարման նոր շղթաներ։ Այս նախագիծը ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի եւ ծաղիկների արտահանման աջակցության միջոցառում է, որի շրջանակում արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում՝ հետեւյալ սահմանաչափով․ ելակի յուրաքանչյուր մեկ կգ համար 770 դրամ, լոլիկի մեկ կգ համար՝ 275 դրամ, պղպեղի համար՝ 400 դրամ եւ ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար՝ 37 դրամ։ Այս ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում։ Ժամկետը սահմանվել է մեկ ամիս՝ ըստ անհրաժեշտության՝ այն վերանայելու սկզբունքով»,- ասաց նա։

Արման Խոջոյանի խոսքով՝ այս որոշման ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։ «Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաեւ՝ շուրջ 10 մլն հատ ծաղիկ»,- հավելեց նա։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք առանձին գործընկերների հետ այս պահին աշխատում ենք նաեւ իրենց կողմից ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ։ Սա եւս կգա օգնելու մեր արտադրողներին, նաեւ նոր շուկաներ գտնելու ուղղությամբ է աշխատանք տարվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․ «Առաջարկում եմ պայմանավորվել հետեւյալի շուրջ՝ ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որն ունի պատշաճ որակ, անկախ որեւէ երկրի կամ շուկայի ստեղծած արհեստական խոչընդոտներից, արտահանվելու է։ Ես կարծում եմ՝ ՀՀ-ն ունի բավարար ֆիսկալ պոտենցիալ՝ այդ խնդիրը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչով կաջակցեն մեր գործընկերները: Սա առաջին միջոցառումն է, մենք արագ առաջ կգնանք, եւ ես կարծում եմ՝ այս նույն որոշումը պետք է տարածվի եւ մրգերի վրա, եւ կոնյակի, եւ գինու, եւ հանքային ջրերի վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարությունն ընդունեց նաեւ մեկ այլ որոշում, ըստ որի՝ կխթանեն թարմ պտուղ-բանջարեղենի եւ ծաղկի արտահանումը դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ։ Արման Խոջոյանն ասաց, որ ըստ որոշման՝ ՀՀ կառավարությունն արտահանողի կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական խմիչքների, ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, հանքային ջրի, ձկնատեսակի ներմուծման վրա։ Հայ արտադրողներն ու արտահանողները կանգնել են լուրջ խնդիրների առաջ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment