Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի գործով դատավարությունը։ Բաքվի դատարանը նրանց ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատավարության ընթացքում պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդել էին նշված նախկին պաշտոնյաների նկատմամբ կիրառել հենց այս պատժաչափը։ Բաքվի կողմից առաջադրված մեղադրանքների հիման վրա ընթացող դատական պրոցեսն ավարտվել է մեղադրական եզրակացության ամբողջական հաստատմամբ։
Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Այս քրեական գործերով մեղադրյալները 15-ն են` Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը ու ևս ութ քաղաքացիական անձ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան և Էրիկ Ղազարյան։
Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:
The post Բաքվի դատարանն Արցախի առաջնորդների մի մասին ցմահ ազատազրկման դատապարտեց appeared first on CIVILNET.