«Արարատ Մոթորսի» գործով հողամասը վերադարձնելն անհնար է․ կբռնագանձվի 131 մլն դրամ

Բաժանորդագրվել

Դատարանի վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք ընկերությունից բռնագանձում կկատարվի հօգուտ Հայաստանի Հանրապետության։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Արարատ Մոթորսի» գործով հողամասը չի վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, փոխարենը ընկերությունից կբռնագանձվի 131 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը, պարզաբանելով, որ պետական շահերի պաշտպանության հայցը բավարարվել է։

«Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձի և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող՝ 0.40935 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ հողամասը վերադարձնելու անհնարինության պատճառով վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք, ՍՊ ընկերությունից կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։

Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։

Leave a comment