Բաքվի դատարանը Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին ցմահ ազատազրկում էր սպառնում, սակայն Ադրբեջանի քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկման դատապարտել։ Դատավճռի հրապարակման պահին Սահակյանի և Ղուկասյանի 65 տարին լրացած էր։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

***

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերը 2024-ի դեկտեմբերի կեսին ուղարկվել էին դատարան:

Այս քրեական գործերով մեղադրյալները 15-ն են` Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը ու ևս ութ քաղաքացիական անձ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան և Էրիկ Ղազարյան։

Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:

The post Բաքվի դատարանը Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման appeared first on CIVILNET.

Leave a comment