Սոցիալական մեդիայի TikTok, Facebook հարթակներում «Kuk Suqiasyan» անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ օգտագործելով «Հորիզոն» լրատվական ծրագրի հին թողարկումներից մեկի կադրերը․ դրանցում հնչում է Թրամփի ուղին Ալիևների անվան «Զանգեզուրի միջանցք» անվանակոչելու մասին լուրը։
Օգտատերը նույն տեսանյութը հրապարակել է իր թե՛ տիկտոկյան, և թե՛ ֆեյսբուքյան հաշիվներում․ երկու հարթակում էլ այն ունեցել է հազարավոր դիտումներ, հարյուրավոր օգտահաշիվներ տարածել են այն։
Տեսանյութում լուրը ներկայացվել է որպես թարմ նորություն՝ իբրև թե հրապարակված 2026 թվականի մայիսի 31-ին։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ տեսանյութում օգտագործվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հրապարակված լուրը։
Փաստացի, հին լուրը ներկայացվում է որպես մայիսի 31-ին հաղորդված թարմ իրադարձություն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը 2025 թվականի սեպտեմբերին առաջարկ էր հնչեցել՝ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունով անվանակոչելու վերաբերյալ։
Հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է ունեցել այս առաջարկությունը․ մասնավորապես, բաց աղբյուրները չեն հաստատում, որ երկրի օրենսդիր մարմնում նման նախագիծ է քննարկվել կամ ընդունվել։
Ապա, օգտատերը տեսանյութում օգտագործել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի մայիսի 27-ի հայտարարությունը, որում նա նշում է «Չի լինելու միջանցք, միջանցքի թեման անվերադարձ փակված ա»։
Փաստացի, օգտատերը, մոտ մեկ տարվա վաղեմության լուրն օգտագործելով, խեղաթյուրում է նաև դեպքերի հաջորդականությունը՝ ներկայացնելով այնպես, թե իբր Փաշինյանի՝ միջանցքի գոյության մասին հերքումներից հետո են Ադրբեջանում հայտարարել Թրամփի ուղին Ալիևիների անվան «Զանգեզուրի միջանցք» անվանակոչելու մասին։
Ո՞վ է կեղծիք տարածած օգտատերը
Համաձայն Meta-ի տվյալների՝ օգտատերն իր սոցիալական մեդիայի հաշիվները վարում է Գերմանիայից․ նրա հաշիվներում հրապարակվում է հիմնականում քաղաքական բովանդակություն՝ հօգուտ ընդդիմության և ընդդեմ կառավարող ուժի։
Այսպիսով, սոցիալական ցանցերում Գերմանիայից կառավարվող այս հաշիվը մոլորեցնում է ընթերցողներին, քանի որ նա տարածել է հին լուր՝ ներկայացնելով այն որպես թարմ իրադարձություն․ սրան զուգահեռ, օգտատերը չի ներկայացրել թեմայի վերաբերյալ ամբողջական պատկերը՝ մասնավորապես, շրջանցել է փաստը, որ չնայած ադրբեջանցի փոխխոսնակի կողմից եղել է նման առաջարկ, սակայն այն չի իրագործվել։
Նանե Մանասյան
The post Հին լուրը ներկայացվում է որպես նորություն․ բլոգերը մանիպուլյատիվ տեսանյութով մոլորեցնում է օգտատերերին appeared first on FIP.AM.