«Միջազգային շուկաներն ու բեմերը փնտրում են յուրահատուկը, իսկ մենք դա ունենք»․ Երևանում մեկնարկել է Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը

 Նոյեմբերի 21-ին ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն)-ում «Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր» խորագրի ներքո համախմբվել էին ջազ ակումբների ղեկավարներ, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ և երաժիշտներ՝ քննարկելու ակումբային փոխանակումների, երաժիշտների միջազգային շարժունության և երկարաժամկետ գործընկերությունների զարգացման հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում ազդարարվեց JCEP՝ Jazz Clubs Exchange Platform-ի (Ջազ ակումբների փոխանակման հարթակ) մեկնարկը, որի համահիմնադիրն է «Ուլիխանյան» ջազ ակումբը։ Հարթակը նպատակ ունի ընդլայնել Հայաստանի ջազային համայնքի միջազգային կապերը, խթանել հայկական ջազի հանրահռչակումն աշխարհում և ձևավորել կայուն միջսահմանային համագործակցություն։

Ֆորումի պաշտոնական բացմանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ընդգծեց, որ Երևանը շատ կենսունակ քաղաք է, որտեղ գրեթե ամեն օր կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, իսկ հայկական հյուրընկալությունը ռեկորդներ է սահմանում։ Անդրադառնալով ԵՄ-Հայաստան համագործակցությանը, մասնավորապես՝ մայիսին ստորագրված Կապակցվածության գործընկերությանը և վիզաների ազատականացման երկխոսությանը՝ դեսպանը նշեց, որ մարդկանց միջև շփումներն ու մշակութային համագործակցությունը առանցքային նշանակություն ունեն։ Նա նաև կարևորեց արհեստական բանականության մարտահրավերների պայմաններում մարդկային ստեղծարարության պահպանումն ու հեղինակային իրավունքների պաշտպանությունը։

«Իրական ստեղծարարությունը պետք է մնա մարդկանց ձեռքերում, մտքերում և հմտություններում։ Կարևոր է նաև հանրությանը կրթել, որ հեղինակային իրավունքի համար վճարելը իրականում ներդրում է մեր ընդհանուր ինքնության մեջ»,- ասաց Վասիլիս Մարագոսը՝ հավելելով, որ հայկական ջազային բեմը կենսունակ է եղել դեռևս 1938 թվականից, երբ ստեղծվեց առաջին ջազ ակումբը․ «Երաժշտությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ որպես կամուրջ, որը թույլ է տալիս հասկանալ միմյանց։ Եվ այնտեղ, որտեղ տեսնում ենք երաժշտություն, մենք չենք տեսնում պատերազմ կամ հակամարտություն, մենք տեսնում ենք ավելի շատ համագործակցություն և համատեղ ներդրում այն ամենի մեջ, ինչը միավորում է մեզ»։

Նախաձեռնության համահիմնադիր Վարդգես Սայադյանը պատմեց, որ հարթակի գաղափարը ծնվել է Վարդան Ուլիխանյանի հետ մտքերի փոխանակման ընթացքում և վերածվել իրականության։ «Հիմնական նպատակներն էին նոր հարթակով հնարավորություններ տալ մեր տեղական երաժիշտներին, ընդգրկել միջազգային երաժշտական ցանցեր և միջազգային երաժշտական ցանցերը բերել Հայաստան ու փոխանակումների միջոցով էլ ավելի մեծ փորձառություն ձեռք բերել և ավելի մեծ եվրոպական ընտանիքի մասը դառնալ»,- նշեց նա։

Ֆորումին տեսաուղերձներով միացան նաև Լիտվայի, Իտալիայի և Էստոնիայի ջազային փառատոների ու բեմերի ներկայացուցիչները՝ հույս հայտնելով ավելի շատ հայ երաժիշտների տեսնել միջազգային հարթակներում։ Իսկ Էկվադորի «Ito Jazz Club»-ի ներկայացուցիչ, երաժիշտ Տիգրան Տեր-Մինասյանը հավելեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ երաժշտությունը միավորելու ուժ ունի, և էկվադորցի երաժիշտները մեծ սիրով ելույթ կունենան Հայաստանում ու տարածաշրջանում։

Այնուհետև «Հայկական երաժշտացանց» նախաձեռնության ներկայացուցիչը հանդես եկավ «Արտիստների փոխանակման անատոմիան» թեմայով մանրամասն զեկույցով՝ ներկայացնելով արտիստների միջազգային շարժունության 5 հիմնական բաղադրիչները՝ համակարգ (օրենսդրություն, վիզաներ, հարկեր), արտահանման պատրաստվածություն (export readiness), միջնորդներ և ցանցեր, ֆինանսավորում, ինչպես նաև կենդանի բեմ և լսարան։ Նա մեջբերեց միջազգային հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն՝ շարժունության դրամաշնորհ ստացած արտիստների 76%-ը նոր աշխատանքային առաջարկներ կամ նախագծեր է ձեռք բերել, իսկ փոխանակման ցանցերին միանալուց հետո 55%-ով ավելացել է սկսնակ եվրոպացի արտիստների ընդգրկվածությունը ակումբային ծրագրերում։

«Շատ կարևոր է հասկանալ, որ սա մեկանգամյա գործողություն կամ մեկ համերգ չէ․ այն պետք է լինի շարունակական և ռազմավարական»,- ընդգծեց նա՝ անդրադառնալով հայ արտիստների առջև ծառացած խոչընդոտներին՝ վիզաների անորոշությանը, ճանապարհածախսին, մենեջերների բացակայությանն ու փոքր ներքին շուկային։ Նրա խոսքով՝ միջազգային շուկա դուրս գալու համար միայն լավ երաժշտությունը բավարար չէ, անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ փաթեթավորում (EPK), ռազմավարություն և սեփական ինքնության շեշտադրում․ «Երբեմն փոքր շուկաներից մարդիկ կարծում են, որ պետք է հարմարվեն համաշխարհային թրենդներին՝ համապատասխանելու համար։ Բայց միջազգային շուկաներն ու բեմերը փնտրում են յուրահատուկը, իսկ մենք դա ունենք։ Մենք կարիք չունենք փոխել մեզ՝ համաշխարհային ստանդարտներին հարմարվելու համար, մենք պետք է զարգացնենք և փաթեթավորենք այն տարբերվողը, ինչ ունենք»։ Կարևորվեց նաև վճարունակ լսարանի ձևավորման մշակույթը․ «Երբ արտիստները գալիս են, անվճար համերգները չեն դիտարկվում որպես փոխանակման ծրագրերի մաս։ Մենք պետք է զարգացնենք տոմս գնելու և երաժշտության համար վճարելու սովորույթը, որովհետև հենց դա է ապահովում կայունությունը»։

Ֆորումն ամփոփվեց «Մշակութային համագործակցություն․ փոխանակումներից դեպի շրջագայություններ» պանելային քննարկմամբ, որին մասնակցում էին միջազգային ոլորտի առաջատար մասնագետները։

Թբիլիսիի «1984» ջազ ակումբի հիմնադիր Դանիել Ադիկաշվիլին, որն առաջինն է միացել «Ուլիխանյան» ջազ ակումբի հետ փոխանակման ծրագրին, պատմեց արդեն իսկ մեկնարկած գործնական քայլերի մասին․ «Արդեն երեք խումբ «1984» ջազ ակումբից եկել է «Ուլիխանյան», և ես՝ որպես թմբկահար, պատիվ ունեմ վաղը նվագելու այստեղ։ Իսկ հաջորդ շաբաթավերջին հայ երաժիշտները և «Ուլիխանյանի» ռեզիդենտները կայցելեն և նվագելու են Թբիլիսիի «1984»-ում։ Կարծում եմ՝ սա ամենալավ սկիզբն է»։ Նա նշեց, որ Վրաստանում վերջին տասնամյակում ձևավորվել է երիտասարդ, շատ ուժեղ երաժիշտների սերունդ, որոնք ստեղծագործում են ոչ միայն դասական և ջազ, այլև էլեկտրոնային, էլեկտրաակուստիկ և փոփ-ֆյուժն ժանրերում, սակայն մինչ այժմ դուրս են մնացել միջազգային ցանցերի ուշադրությունից։

Europe Jazz Network-ի տնօրենների խորհրդի անդամ և Ռոտերդամի BIRD ակումբի երաժշտական ծրագրավորող Ռալուկա Բայկուն նշեց, որ Նիդերլանդներում գործում է շատ կայացած մշակութային էկոհամակարգ՝ պետական աջակցությամբ, կոնսերվատորիաներով և պրոֆեսիոնալ հարթակներով, սակայն միջազգային համագործակցությունը մշտապես պահանջում է ամբողջ համակարգի ներգրավվածությունը։ «Նախաձեռնությունը գրեթե միշտ կա, որովհետև այս ոլորտում աշխատողներիս մեծ մասը դա անում է երաժշտության հանդեպ սիրուց։ Բայց դա, ցավոք, բավարար չէ։ Մենք կարող ենք խոսել միմյանց հետ և բաց լինել համագործակցության համար, բայց մեզ աջակցություն է պետք՝ կառավարությունների ներգրավվածություն, շարժունության ֆինանսավորում, արտահանման գրասենյակներ։ Ամբողջ էկոհամակարգը պետք է աշխատի միասին»,- ասաց նա՝ հավելելով, որ արտիստները իրենց երկրների դեսպաններն են, և միջազգային հանդիպումների ժամանակ ծրագրավորողները մշտապես փնտրում են արտահանման պատրաստ տաղանդների։

Ֆրանսիայի Երաժշտության ազգային կենտրոնի (CNM) միջազգային նախագծերի ղեկավար Բենժամեն Դեմելեմեստերը կայուն համագործակցության գաղտնիքը համեմատեց երաժշտության հետ՝ առանձնացնելով երեք բանալի բառ՝ կրկնություն (փորձ), ժամանակացույց (timing) և սպասումներ։ «Պետությունն ու երաժշտական ոլորտն աշխատում են տարբեր ժամանակային չափումներով։ Պետական պաշտոնյաները փոխվում են 3-4 տարին մեկ և արդյունքներ են ուզում մեկ շաբաթ անց, մինչդեռ արտիստի կարիերան կառուցվում է 10, 20, 30 տարում, իսկ համագործակցության իրական արդյունքները երևում են վեց ամիս, մեկ կամ երկու տարի անց։ Պետք է կարողանալ համադրել գործընկերոջ սպասումներն ու մեր ամենօրյա աշխատանքի իրականությունը»,- ընդգծեց նա՝ միաժամանակ կոչ անելով Հայաստանում ստեղծել երաժշտության արտահանման գրասենյակ (export office)։

Դուբայի «Jass Lounge» ակումբի ծրագրերի և արտիստների ներգրավման պատասխանատու, ծագումով կուբացի երաժիշտ Տոնա Իսիդրոն պատմեց, որ իրենց ակումբը ստեղծվել է չորսուկես տարի առաջ՝ զուտ երաժշտության հանդեպ սիրուց, առանց պետական ֆինանսավորման կամ ենթակառուցվածքային աջակցության։ «Դուբայում այս ոլորտում ամեն ինչ նոր է ձևավորվում, և մենք չունենք ֆինանսական մեծ միջոցներ՝ արտիստների տոմսերը հոգալու համար, բայց միշտ տրամադրում ենք մեր հարթակը։ Դուբայում կան հրաշալի երաժիշտներ, հատկապես՝ հայ երաժիշտներ, որոնց նվագը ես շատ եմ հարգում և սիրում։ Հավատում եմ, որ այս փոքր տարածքից մենք առողջացնում ենք Դուբայի երաժշտական միջավայրը և կրթում հանդիսատեսին»,- եզրափակեց նա։

Պանելային քննարկումներից ու մասնագիտական զեկույցներից բացի՝ ֆորումի մասնակիցները վայելեցին նաև Վահագն Հայրապետյանի տրիոյի կենդանի ելույթը։

Արգինա ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment