«Կուշտ փորի» քարոզչությունը վտանգված է – 1 Հունիսի 2026

Մասնագետներն ինֆորմացիայի բաց աղբյուրների հիման վրա հետազոտություններ են անցկացրել և եզրակացրել, որ մեծ հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանի քարոզչական տեսահոլովակները կեղծ են։ Բանն այն է, որ տարածվող տեսանյութերում նա օրական միջին հաշվով 7-8 կիլոգրամ սննդամթերք է ուտում, ինչը նորմալ մարդու համար գրեթե անհնար է։ Մասնագետները հաշվարկել են նաև, որ եթե անգամ տեսականորեն դա հնարավոր լիներ՝ միջին վիճակագրական արու առանձնյակի կենդանի քաշը դիտարկվող ժամանակահատվածում կգերազանցեր մեկուկես ցենտները։ 

Ամեն դեպքում՝ քարոզարշավն ուրախ է անցնում։ Եվ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում միայն ուտում է։ Ինչ-որ բան ծամելու և դեռ կուլ չտված՝ ագահությունից փայլփլող աչքերով հաջորդ պատառը փնտրելու ընթացքում նա նաև սպառնում է «կզըցնել» և «սատկացնել» մրցակիցներին։ Համաձայնվեք՝ զավեշտի իմաստով սրա հետ կարող են մրցակցել միայն այն տեսանյութերը, որտեղ Քոչարյանը խոստանում է ընտրություններում հաղթելուն պես պայքարել կոռուպցիայի դեմ։

Բայց վերջին օրերին բոլորիս աչքի առաջ նիկոլական քարոզչության կոնցեպտը փլուզվում է։ Ի վերջո՝ ո՞րն էր այդ քարոզչության մեխը։ «Ա՛յ բալամ, ի՞նչ Հայրենիք, ի՞նչ Արցախ, ի՞նչ արժանապատվություն, ի՞նչ պատմություն, ի՞նչ Եկեղեցի, ի՞նչ Արարատ, կարևորը կուշտ փորով հաց ուտելն ա»։ Եվ առավոտից երեկո հենց դա էլ ցուցադրում էր՝ տեսախցիկների առջև հարձակվելով ուտելիքի վրա։ Ընդ որում՝ այդ «քարոզչությունը» լավ էլ աշխատում էր, որովհետև շատերը մտածում էին՝ «հա դե ճիշտ ա ասըմ, մարդուս փո՛րը կուշտ ըլնի, մի անգամ ենք աբրըմ», և պատրաստ էին դրա համար ձայն տալ իրենց «անկոտրելի հզոր վարչապետին»։ Բայց հանկարծ պարզվեց, որ վտանգված է նաև «կուշտ փորով հաց ուտելը», որովհետև Ռուսաստանը սկսել է պատժամիջոցներ կիրառել ու սպառնում է դրանք տարածել նաև բոլոր առանցքային ոլորտների վրա՝ գազ, նավթամթերք, ֆինանսական փոխանցումներ, աշխատանքային միգրացիա, և այլն։ Ու «կուշտ փորի» քարոզչությունը միանգամից «փոզմիշ էղավ»։ Մարդիկ հասկացան, որ սեփական արժեհամակարգից հրաժարվելն ինքնին չի երաշխավորում կուշտ փորով հաց ուտել, հակառակը՝ ուղիղ գծով տանում է դեպի կտրուկ աղքատացում։ Այսինքն՝ իրենք, պայմանական ասած, Արարատի փոխարեն Արագածով են հիանալու ոչ թե ճոխ սեղանների առջև նստած, այլ սոված զկռտալով։ Ընդ որում՝ դա Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ական ուսապարկերին չի վերաբերելու։ Նրանց ի՞նչ է եղել, ոչ գիշեր-ցերեկ հող են մշակում՝ ապրանքը Ռուսաստան արտահանելու համար, ոչ այնտեղից ուղարկված գումարների հույսին են, ոչ էլ կոմունալ վճարներից են նեղվում (միայն կառավարական առանձնատների սպասարկման գումարը կազմում է օրական մեկ միլիոն դրամ)։

Ի դեպ՝ թող որևէ մեկը պատրանքներ չունենա, թե այս սցենարի իրականացման դեպքում հարյուր հազարավոր սոված մարդիկ փողոց դուրս կգան ու կտապալեն սրանց։ Նիկոլ Փաշինյանի արձագանքը կարելի է կանխատեսել մեծ ճշգրտությամբ․ «ստահակնե՛ր, տականքնե՛ր, դուք մի քանի լրտեսների հրահրմամբ մեր ինքնիշխանության դե՛մ եք ոտքի ելել, սաղիդ կսատկացնեմ, բանտերում կփտեք․․․»։ Եվ Արևմուտքը, իհարկե, կգովի մեր տոկուն, վճռական ու ժողովրդավար իշխանություններին։ 

Իսկ ահա ներգաղթյալներ չի ընդունի։ Մինչև հիմա դեռ ուկրաինացիների ձեռքն են կրակն ընկած։

Մարկ Նշանյան

Leave a comment