ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետևանքն է. Կարապետյանը` ՌԴ–ի քայլերի մասին

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանի խոսքով` Հայաստանի շահերից է բխում գերտերությունների հետ լավ հարաբերություններ ունենալը։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Ռուսաստանից հնչող հայտարարությունները ՀՀ իշխանության վարած հակառուսական քաղաքականության հետևանքն են։ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի հնարավոր չեղարկման մասին: Ռոսսելխոզնադզորն էլ հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը: Մայիսի 22-ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։

«Դրա համար միշտ ասում եմ՝ մենք փոքր երկիր ենք, իրավունք չունենք թշնամական հարաբերություններ ստեղծել գերտերությունների հետ, և այնպիսի գերտերության, ինչպիսին է ՌԴ-ն, քանի որ մեր տնտեսության հիմնական մասը, մասնավորապես` գյուղատնտեսության մոտավորապես 90 տոկոսը, կախված է ՌԴ-ից։ Մենք մեր անիմաստ քայլերով, հայտարարություններով ամեն օր փչացնում ենք այդ հարաբերություններն ու սպասում ենք, որ մեզ կներեն այդ ամենը։ Դա չի ներվում, երբ անցնում ես կարմիր գծերը։ Ոչ մի երկիր չի ներում»,– ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով` Հայաստանի շահերից է բխում գերտերությունների հետ լավ հարաբերություններ ունենալը։ Անդրադառնալով երկրի անվտանգության ապահովմանը՝ Կարապետյանն ընդգծել է, որ այդ դերը կարող են ստանձնել միայն աշխարհի խոշորագույն կենտրոնները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, ինչպես նաև Եվրոպական միությունը, եթե վերջինս համապատասխան ցանկություն հայտնի։

Leave a comment