Սամվել Կարապետյանի խոսքով` Հայաստանի շահերից է բխում գերտերությունների հետ լավ հարաբերություններ ունենալը։
«Դրա համար միշտ ասում եմ՝ մենք փոքր երկիր ենք, իրավունք չունենք թշնամական հարաբերություններ ստեղծել գերտերությունների հետ, և այնպիսի գերտերության, ինչպիսին է ՌԴ-ն, քանի որ մեր տնտեսության հիմնական մասը, մասնավորապես` գյուղատնտեսության մոտավորապես 90 տոկոսը, կախված է ՌԴ-ից։ Մենք մեր անիմաստ քայլերով, հայտարարություններով ամեն օր փչացնում ենք այդ հարաբերություններն ու սպասում ենք, որ մեզ կներեն այդ ամենը։ Դա չի ներվում, երբ անցնում ես կարմիր գծերը։ Ոչ մի երկիր չի ներում»,– ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով` Հայաստանի շահերից է բխում գերտերությունների հետ լավ հարաբերություններ ունենալը։ Անդրադառնալով երկրի անվտանգության ապահովմանը՝ Կարապետյանն ընդգծել է, որ այդ դերը կարող են ստանձնել միայն աշխարհի խոշորագույն կենտրոնները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, ինչպես նաև Եվրոպական միությունը, եթե վերջինս համապատասխան ցանկություն հայտնի։