«Ինչի՞ հաշվին են այդ բոլոր խնդիրները լուծվելու, եթե դրանք կան․ ինքը գնալու է և ընդունելու է իրենց պայմանները, այսինքն՝ զիջելու է և այդ զիջումների հաշվին է կարգավորելու»,- այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե հունիսի 7-ից հետո ինքը կգնա, կնայի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների աչքերին և պարզ կասի ամենը ու կկարգավորի ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի հետ Հայաստանի այս խնդրահարույց փուլը։
Իր համոզմամբ՝ եթե ՌԴ-ն հիմա պատժամիջոցներ կիրառի Հայաստանի դեմ, ինչը արդեն տեսնում ենք, հակառակ արդյունք է տալու․ «Հայ ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով, հայ ժողովուրդը չպետք է նույնացվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր ժողովուրդը պետք է ունենա էժան գազ, պետք է ունենա այն շուկաները, որից օգտվում ենք։ Ես չեմ կարծում, որ հիմա, որ Լարսից բեռներ են հետ գալիս, գազի թանկացումներ կարող է ունենանք՝ տանում է որևէ լավ տեղ։ Սա կարող է ունենալ հակառակ արդյունք»։
«Լուսավոր Հայաստանն» իր նախընտրական քարոզարշավը Ապարանում անցկացրեց։ Կլինեն նաև Վանաձորում։
Կուսակցության ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանը նույնպես վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն ի վերջո զիջելու է։ Ավելին․ «Ասում են՝ մենք մեր ինքնիշխանությունը պոկելու ենք ՌԴ-ից։ Հաշվի առնելով, թե ով է Հայաստանի առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, որը որևէ պարագայում, որևէ պայքար, որևէ պատերազմ ի վիճակի չի ավարտի հասցնել, սա հանգեցնելու է նրան, որ ի վերջո նա զիջի, և Հայաստանի կախվածությունն էլ ավելի մեծանա ՌԴ-ից»։
Էդմոն Մարուքյանը, ընդհանուր առմամբ, գոհ է քարոզարշավի ընթացքից․ «Ես օրվա ընթացքում 500 մարդու հետ եմ շփվում, ամեն տասնյակից 7-ն ասում է, որ գնալու է ընտրության․ սա լավ ցուցանիշ է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: