Արդեն մի քանի ժամ է՝ Սահմանադրական դատարանում ընթանում է աշխատակարգային նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի դատարանի նոր նախագահը: Factor TV-ի տեղեկություններով՝ դատարանի նախագահի թեկնածուները երկուսն են՝ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը: Թե երբ կավարտվի նիստը, դեռևս պարզ չէ:
Նշենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, իսկ դատարանի դատավորների կազմից պետք է ընտրվի նոր նախագահ։
Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով։
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի պաշտոնը թափուր մնալու պահից տասնօրյա ժամկետում։ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորը, ինչպես նաև դատավորը կարող է ինքնաառաջադրվել։
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է այդ նպատակով հրավիրված աշխատակարգային նիստում՝ գաղտնի քվեարկությամբ։ ՍԴ կազմից նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը։ Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ մեկը քվեարկության արդյունքներով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երկրորդ փուլի արդյունքներով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե այս դեպքում ևս նախագահ չի ընտրվում, ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։
Թեկնածուներից Վլադիմիր Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Նա եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։ ՍԴ դատավոր է նշանակվել 2026 թվականի մարտի 25-ին։
Էդգար Շաթիրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Նա եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, այնուհետև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՍԴ դատավոր է դարձել 2020 թվականին։
Արաքս Մամուլյան