«Թանկ տեղ ես ապրում, կենտրոն ես ապրում՝ վաճառի՛, գնա մասիվ, Փարաքար գնա, Արծվաշեն գնա». «Լուսավոր Հայաստանը»՝ գույքահարկի թանկացման դեմ

«Երևանի Կենտրոն համայնքի բնակչությանը, ովքեր չեն կարողանում վճարել իրենց գույքահարկը, իշխանությունը էթնիկ զտման է ենթարկում»,- այսօր նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Երևանում գույքահարկի թանկացման թեմայով։

«Լուսավոր Հայաստանն» իր քարոզարշավն այսօր իրականացրեց Թամանյանի արձանի հարակից տարածքում։

«Թանկ տեղ ես ապրում, կենտրոն ես ապրում՝ վաճառի՛, գնա մասիվ, Փարաքար գնա, Արծվաշեն գնա, ըստ Կարպիսի»,- ավելի հանրամատչելի և հեգնական ձևակերպեց իրականությունը Էդմոն Մարուքյանը։

«Մենք ունենք եվրոպական հարկեր՝ հայկական աշխատավարձերով։ Փոխարենը հակառակը լինի՝ եվրոպական աշխատավարձեր, եվրոպական կյանքի որակ, հետո նոր բարձր հարկեր»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրապայքարին մասնակցող ուժերից միայն «Լուսավոր Հայաստանն» էր, որ խորհրդարանում դեմ արտահայտվեց իշխանության նախագծին՝ գույքահարկը թանկացնելու մասին։

Իրենք խոստանում են «տրամաբանական, հայկական» չափերի բերել գույքահարկը՝ խոստանալով, որ գույքահարկի հաշվարկի մեխանիզմն էլ են վերանայելու, որպեսզի հաշվարկը անշարժ գույքի ուռճացված գներով չլինի։ Մասնավորաբար, կարծում են, որ բնակարանի ժառանգորդների համար գույքահարկը պետք է մնա նույնը, բարձրանալ կարող է միայն այն սեփականատերերի համար, ովքեր նոր են գնում Կենտրոն համայնքում բնակարան։

Հավելենք, որ «Առաջարկ Հայաստանին» թիմն իր նախընտրական ծրագրում նույնպես գույքահարկը նվազեցնելու մասով առաջարկներ ունի։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի Գրիգորյան

Լուսանկարը՝ ԼՀԿ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment