Aravot.am-ը Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի պատրաստած հակաեկեղեցական զեկույցում իր անունն էլ է հիշատակվում որպես կուսակրոնության ուխտը խախտած հոգևորական: Սրբազանն ասաց, որ այս պահին մեկնաբանելու բան չունի, բայց հարմար առիթի դեպքում կխոսի զեկույցի մասին և նախապես տեղյակ կպահի:
Հարցին՝ արդյոք տե՞ղին է նման զեկույցը, պետությունն իրավունք ունի՞ խառնվելու եկեղեցու գործերին, «Երբ եկեղեցին իր առաքելությունից շեղվում է, դուռ է բացվում վատ բաների: Արաբները, բյուզանդացիները, մոնղոլները, թաթարները, պարսիկները, թուրքերը, ռուսները կարող էին խառնվել Հայ եկեղեցու հարցերին, բայց մեր պետությունը չի՞ կարող»,-հարցին հարցով պատասխանեց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդը:
Դիտարկմանը, որ պետությունն ու եկեղեցին Սահմանադրությամբ անջատ են, Վազգեն սրբազանն այսպես պատասխանեց. «Եկեք կիսատ զրույց չունենանք, սրանով բավարարվենք: Մոտ ժամանակներս ձեզ հետ կապ կհաստատեմ ու շատ կարևոր հարցազրույց կտամ»:
Հիշեցնենք, որ 2003-ին նա եպիսկոպոս է ձեռնադրվել՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իսկ 2023 թ. նրան շնորհվել է արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: