«ԹՐԻՓՓ նախագիծը ոչ միայն փակում է միջանցքային տրամաբանությունը, այլև ՀՀ-ի համար բացում անսահման հեռանկարներ։ Մենք դրանով վերջնական և անշրջելիորեն հաղթահարում ենք ՀՀ-ի շրջափակումը և ՀՀ-ն կոնֆլիկտային փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- Գողթում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում ՀՀ Կոտայքի մարզում։ Երեկոյան ՔՊ-ն ամփոփիչ հանրահավաք կունենա Աբովյանում։
Գողթում Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ Մեղրիի երկաթուղին է վերաբացվելու՝ մինչև Երասխ․ «Դրանից օգտվելու են նաև ադրբեջանցիները՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապի համար, նաև այդ երկաթուղուց օգտվելու ենք մենք՝ ՀՀ-ի հյուսիսային և հարավային հատվածների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար։ Այսօր երկաթուղի չունենք ՀՀ-ի այդ հատվածում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային խտանյութը բեռնատարներով է գալիս երկաթգծի կայարան, որով արտահանվում է։ Սա նշանակում է հնարավորություն, որ մենք Սյունիքից առնվազն խտանյութը բերենք միանգամից երկաթուղով և դեպի Սյունիք ապրանքներ տանենք։ Տրանզիտի համար ՀՀ-ն մեծ հնարավորություններ է ստանալու․ մեր տարածքով անցնող ամեն գնացք վճարելու է, և դա գնալու է ՀՀ պետական բյուջե։ Այդ ամենը ՀՀ լիարժեք իրավազորության ներքո։ Իրանի հետ ենք երկաթուղային կապ ստանում՝ Երասխ- Նախիջևան-իրանական Ջուլֆա՝ դեպի Պարսից ծոց»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ հաջորդիվ մեզ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը․ «Այսօր աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ հարյուր տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում։ Դա նշանակում է, որ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն առաջիկա հարյուր տարում գոյություն է ունենալու։ Մեր պետության ընթացքում չենք ունեցել մի ժամանակաշրջան, որ մեր դիմաց հարյուր տարվա հեռանկար ունենանք»։
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե հնարավոր է՝ 300 հազար ադրբեջանցիներ վերաբնակեցվեն ՀՀ-ում, նա ասաց․ «Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեմայով։ Միլիոններ են ծախսում։ Երեկ քարոզարշավից գնացել եմ տուն, ասացի՝ մի հատ թեյ խմեմ․ միացրել եմ՝ յութուբով մի բան նայեմ, տեսնեմ՝ մի ռոլիկ է՝ կինը երեխեքի հետ մտնում է մանկապարտեզ, ասում է՝ երեխեքին բերել եմ մանկապարտեզ, տնօրենն ասում է՝ Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձերոնց չենք կարող։ Խելագարը միայն կարող է տենց հոլովակ նկարել։ Ի՞նչ 300 հազար ադրբեջանցի։ Պաշտոնապես ասում եմ՝ մենք 2024-ին էդ թեման անվերադարձ փակել ենք։ Մենք փակել ենք 500 հազար հայերի՝ Ադրբեջան վերադառնալու թեմայով։ Մենք այդ հարցը օրակարգից հանել ենք։ 2020-ից խոսում էին միջանցք, միջանցք, ասում ենք՝ այդ թեման օրակարգից հանել ենք։ Արդյունքում տեսնում եք՝ ԹՐԻՓՓ փաստաթուղթը, որտեղ արմատախիլ է արված միջանցքի թեման»։
Կրկին անդրադառնալով ընդդիմադիր ուժերին՝ Նիկոլ Փաշինյանը էլի սկսեց որակումներ տալ․ «Յուրաքանչյուրդ պետք է գիտակցի իր ուժն ու արժեքը։ Այսօր քաղաքական ուժեր են մասնակցում, որոնք ընդամենը տարիներ առաջ նրանցից մեկն ասում էր՝ ես եմ միակ տղամարդը, մյուսն ասում էր՝ հզոր եմ, էն մյուսը ուժեղ եմ։ Ի՞նչ է փոխվել Հայաստանում։ Այդ մարդկանց ուժեղ, հզոր, միակ տղամարդ լինելուց միայն կարգախոս է մնացել։ Նրանք այսօր ոչ ուժեղ են, ոչ հզոր են, ոչ էլ միակ տղամարդն են։ Եթե կա հզոր մեկը ՀՀ-ում, ՀՀ քաղաքացին է։ ՀՀ-ն թալանող նրանց թաթիկները ջարդել ենք և ութ միլիարդ դոլարի՝ նրանց թալանածից ու ստվերից այսօր վերադարձրել ենք պետությանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: