Նա կգլխավորի նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմեկնի Իտալիա, ապա կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է apnews-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ, նա կգլխավորի նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան:
Այցի նպատակն է աջակցություն հայտնել անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագրին:
Մեկշաբաթյա այս ուղևորությունը կարող է լինել Վենսի այս տարվա սակավաթիվ միջազգային այցերից մեկը:
Ուրբաթ օրը Միլան-Կորտինայի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ փոխնախագահը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նաև Ուշա Վենսը՝ ԱՄՆ երկրորդ տիկինը, Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ պետքարտուղարը, Թիլման Ֆերտիտան՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանը:
Պատվիրակության կազմում կլինեն նաև Օլիմպիական խաղերի նախկին ոսկե մեդալակիրներ, այդ թվում՝ հոկեյիստ քույրեր Ջոսելին Լամուրյո-Դևիդսոնը և Մոնիկ Լամուրյո-Մորանդոն, չմշկավազորդ Ապոլո Օհնոն և գեղասահորդ Էվան Լայսաչեկը:
2026 թ.-ի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը:
Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին:
Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը: