ՀՀ-ն մեկնարկում է ոչ միայն որպես արհեստական բանականության ծառայությունների սպառող, այլև ենթակառուցվածք, կրթություն և գիտելիք ստեղծող հարթակ

Նոյեմբերի 20-ին Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ «Digitec 2026» համաժողովի բացման առաջին օրը, որն ընդգրկեց պաշտոնական ելույթները, ռոբոտաշինության և կրթական նախաձեռնությունների շնորհանդեսները, Հայաստանի նորարարական էկոհամակարգի հարթակի (Armenian Innovation Ecosystem Platform) գործարկումը։

Եռօրյա համաժողովի շրջանակում նախատեսված է ավելի քան 100 բանախոսի մասնակցություն՝ արհեստական բանականության հինգ հիմնական շերտերի շուրջ՝ էներգիա, չիպեր, ենթակառուցվածք, մոդելներ և կիրառություններ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը համաժողովի բացմանն ընդգծեց. «Բարձր տեխնոլոգիաների իրական նշանակությունը Հայաստանի համար շատ ավելի մեծ է, քան տնտեսության մեկ առանձին ճյուղի զարգացումը։ Դրանք պետք է դառնան ամբողջ տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման շարժիչ ուժը»։

Նախարարը հավելեց, որ շուրջ յոթ տոկոս կազմող մասնաբաժինը հպարտանալու առիթ է, սակայն սահմանը չէ․ «Ծրագրային ապահովման և տեխնոլոգիական ծառայությունների ոլորտում ունեցած հաջողությունները պետք է վերածենք սեփական գիտահետազոտական, ինժեներական և արտադրական կարողությունների: Դրա համար մեզ անհրաժեշտ են երեք կարևոր բաղադրիչ՝ տաղանդ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ժամանակակից ենթակառուցվածքներ և գիտության ու բիզնեսի արդյունավետ համագործակցություն»։ Նա նաև նշեց, որ շուրջ երկու շաբաթ առաջ կառավարության որոշմամբ հաստատվեց ֆիզիկական արհեստական բանականության կրթական ծրագիրը՝ առաջիկա յոթ տարում այդ ուղղությամբ կրթական շղթա ձևավորելու նպատակով։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Արմեն Քոչարյանն իր խոսքում ընդգծեց․ «Արհեստական բանականության ապագան կառուցվում է հենց հիմա։ Հարցն այլևս այն չէ, թե ով կընդունի այն, այլ թե ով կստեղծի այն։ Այս դահլիճում մեզանից ոչ ոք չի եկել կողքից նստելու՝ որպես պասիվ սպառող»։

Նա հավելեց․ «Հայաստանն ակտիվորեն դիրքավորվում է որպես արհեստական բանականության հաշվողական հզորությունների տարածաշրջանային կենտրոն՝ շարժվելով դեպի հարյուր հազարավոր գրաֆիկական պրոցեսորների հզորություն և արագ անցնելով ինքնիշխան արհեստական բանականության ենթակառուցվածքների, խորը տեխնոլոգիական հետազոտությունների և ազգային կրթության»։

NVIDIA ընկերության ֆիզիկական արհեստական բանականության սիմուլյացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, անդրադառնալով Հայաստանի տարածաշրջանային դերին, ասաց․ «Հայաստանը փոքր երկիր է, և նույնիսկ եթե ավելի մեծանա, երբեք այնքան մեծ չի լինի, որ ինքնուրույն շուկա դառնա և ամեն ինչ անի։ Այն, ինչ մենք սկսում ենք վերակառուցել, հին Մետաքսի ճանապարհն է՝ նոր ձևով՝ արհեստական բանականության Մետաքսի ճանապարհ, որտեղ տեխնոլոգիական շղթայի բոլոր հինգ շերտերը ներկայացված են այս նոր տարածաշրջանում։ Ես հավատում եմ, որ Հայաստանն ու Ղազախստանը կարող են լինել այս Մետաքսի ճանապարհի խարիսխները»։

Լեբարեդյանը նաև հայտնեց Հայաստանի ֆիզիկական արհեստական բանականության և ռոբոտաշինության լաբորատորիայի՝ AFI-ի ձևավորման մասին, որի համար հաստատվեց 7 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ յոթ տարվա կտրվածքով, իսկ նպատակն է պատրաստել 50 առաջատար հետազոտող ասպիրանտական մակարդակում՝ համագործակցելով հայաստանյան համալսարանների և գործընկերների հետ, այդ թվում՝ հայկական «Areg AI» ստարտափի հետ, որը ֆիզիկական արհեստական բանականության օպերացիոն համակարգ է զարգացնում արևային կայանների համար։

Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հիշեցրեց ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Հրազդանում բացված արհեստական բանականության գործարանի մասին և նշեց․ «Այդ օրվանից ընդամենը վեց ամիս առաջ դա դատարկ շինհրապարակ էր։

Այսօր դա տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության գործարանն է։ Մինչև 2027 թվականի վերջը Firebird-ը նախատեսում է Հայաստանում տվյալների կենտրոնների հզորությունը հասցնել 300 մեգավատից ավելիի։ Երկրում իրականացվող այլ նախագծերի հետ միասին մենք ցանկանում ենք Հայաստանը դասել հաշվողական հզորություններով աշխարհի առաջատար տասը երկրների շարքում»։

Krisp ընկերության համահիմնադիր Արտո Մինասյանը նշեց. «Մենք չունենք նավթ, գազ, անգամ ծով չունենք, բայց ունենք շատ տաղանդավոր մարդիկ՝ հավակնություններով մարդիկ, որոնք ուզում են բարդ խնդիրներ գտնել, աշխատել դրանց վրա և արժեք ստեղծել Հայաստանի և մարդկության համար»։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանն էլ նշեց․ «Երկար ժամանակ մենք փորձում էինք հասնել՝ մրցելով մի խաղում, որի կանոններն արդեն գրված էին, իսկ արհեստական բանականությունը փոխել է այդ խաղի կանոնները, ուստի Հայաստանի նման երկրները կարող են առաջ նետվել։ Միությունը տարիներ շարունակ ակտիվ է մարզերում՝ 650 դպրոցում գործող «Արմաթ» աշխատանոցների միջոցով, որտեղ շուրջ 17,000 երեխա անվճար սովորում է ռոբոտաշինություն, ծրագրավորում և եռաչափ մոդելավորում»։

Armenian Code Academy-ի համահիմնադիր Նարեկ Ասլիկյանը նշեց. «Շատ կարևոր իրադարձություն է արհեստական բանականության գործարանի ստեղծումը և ակտիվացումը Հրազդանում, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ մենք տաղանդների հոսք պետք է ստեղծենք։ Նմանատիպ մասնագետների, ցավոք, Հայաստանում այս պահին ոչ ոք չի պատրաստում, և մենք սկսել ենք պատրաստել կրթական ծրագիր՝ տեխնոլոգիական քոլեջ Հրազդանում, որն իր առաջին ընդունելությունը կունենա 2027 թվականի սեպտեմբերին»։

«Առավոտ»-ի հարցին, թե քանի ուսանող է կարողանալու սովորել այնտեղ և արդյոք ուսումը անվճար է լինելու՝ Նարեկ Ասլիկյանը պատասխանեց․ «Ուսումը, իհարկե, լինելու է անվճար։ Մենք պատրաստվում ենք ունենալ 100 ուսանող ամեն տարի՝ 50 ուսանող ամեն ուղղության համար։ Տևողությունը լինելու է երեք տարի։ Քոլեջը բաց է լինելու բոլորի համար, ով 12-ամյա կրթություն ունի․ դպրոցն ավարտել է կամ բանակից զորացրվել է, կարող է ընդունվել։ Հունվարից մենք սկսելու ենք անվճար նախապատրաստական դասընթացներ, և Կոտայքի մարզի բնակիչները, մասնավորապես, հնարավորություն են ունենալու անվճար սովորել մաթեմատիկա, ֆիզիկա և անգլերեն, որ պատրաստվեն քննություններին և առաջին կուրս ավելի պատրաստված գան»։

Dealroom-ի էկոհամակարգի զարգացման ղեկավար Աոյֆ Մորինն ընդգծեց, որ Հայաստանն ունի տպավորիչ տեխնոլոգիական պատմություն՝ համաշխարհային մակարդակի ինժեներներով, գլոբալ ընկերություններ ստեղծող հիմնադիրներով և սփյուռքով, որը հայկական ներուժը ներկայացնում է աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական կենտրոններում․ «Սակայն մինչ օրս այդ ամենը ցրված էր տարբեր աղբյուրներում։ Այժմ արդեն կա մեկ միասնական հարթակ՝ Armenian Innovation Ecosystem Platform-ը, որտեղ միավորված են հայկական ստարտափները, ներդրողները, համալսարաններն ու սփյուռքը»։

Civitta խորհրդատվական ընկերության միջազգային բիզնեսի բաժնի կառավարիչ գործընկեր Սևակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ նախկինում ոլորտի յուրաքանչյուր ծրագիր ուներ չափման իր չափանիշները, ինչի պատճառով դժվար էր տեսնել ամբողջական պատկերը․ «Այս հարթակը բոլորին տալիս է նույն չափման հիմքը։ Նախարարությունը, դոնոր կազմակերպությունները կամ աքսելերատորներն այժմ կարող են հենվել միևնույն տվյալների վրա՝ տեսնելով նույն ընկերություններն ու ֆինանսական հոսքերը, այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող և «կանաչ» ստարտափները, որոնք մինչ այժմ ամենաքիչ տեսանելին են եղել»։

Նոր հարթակի շուրջ ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ այն երկարաժամկետ զարգացնելու ու կառավարելու նպատակով։

Բացի այդ, ցուցահանդեսի տարբեր տաղավարներում ու սրահներում ներկայացվեցին ոլորտային լուծումներ ու ստարտափ նախագծեր, իսկ «ԱրմՌոբոտիքս» (ArmRobotics) ինքնավար ռոբոտաշինության ազգային առաջնության շրջանակում նոյեմբերի 20-ին մեկնարկած հաքաթոնից հետո եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ «Խելացի ռոբոտներն արհեստական բանականության գործարանում» թեմայով։

«Digitec 2026»-ի քննարկումներն ու միջոցառումները կշարունակվեն նաև նոյեմբերի 21-ին և 22-ին։

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment