Վարդան Ոսկանյան. «Տեղանվանական պատերազմը, որ իրականացնում է Ադրբեջանը, լուրջ ծրագրված քաղաքականություն է»

«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հ/կ-ի կազմակերպած «Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում. ռազմավարությունից մինչեւ մարտավարություն» թեմայով փորձագիտական քննարկմանը նշվեց, որ այս պահին դժվար է ավելի կարեւոր թեմա գտնել, քան հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ դրանց կապը հայաստանյան ներքաղաքական իրադրության հետ, նախընտրական Հայաստանին, որի այժմեականությունը դժվար է գերագնահատել։

Ելույթ ունեցած չորս արեւելագետները խոսեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի եւ հատկապես նախընտրական Հայաստանի հանդեպ նրանց ծրագրերի տարբեր ասպեկտների մասին հատկապես ներկայիս նախընտրական բուռն շրջանում, երբ մեր հասարակությունը գտնվում է քարոզչական ուժգին հարձակման տակ եւ հրապարակ են նետվում մեր երկրի ու ժողովրդի համար գերկարեւոր խնդիրների այլափոխված, սխալ մեկնաբանված, խեղաթյուրված պատկերացումներ։

Նրանք չլինելով այսօրվա որեւէ քաղաքական ուժի նախընտրական ցուցակներում՝ իշխանական եւ ընդդիմադիր մեկնաբանությունների կողքին ներկայացրին մասնագիտական մեկնաբանություններ, որպեսզի հանրությունն այս քարոզչական լաբիրինթոսում կարողանա կողմնորոշվելու լրացուցիչ գործիքակազմ ունենալ։

Իրանագետ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը խոսելով պաշտոնական Բաքվի տեղանվանական պատերազմի մասին՝ նշեց, որ տեղանունների խնդիրը միայն աշխարհագրական երեւույթ չէ։ Տեղանունները շատ կարեւոր են՝ հասկանալու համար թշնամու նկրտումները։ Նա առանձնացրեց ոչ միայն Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնատար անձանց հրապարակած տեղանունները, ադրբեջանցիների վերադարձի մասին հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, այլեւ նշեց, որ դրանք դիտարկում են միջազգային իրավունքի հարթության մեջ։

Վարդան Ոսկանյանը նաեւ այլ օրինակներով ցույց տվեց Ադրբեջանի իրական նկրտումները Հայաստանի նկատմամբ։ «Մենք այդ «արեւմտյան Ադրբեջան» կոչվածի վերադառնալու գաղափարախոսությանը չենք անդրադառնում։ Մինչդեռ նրանք միջազգային հարթակներում խոսելով Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածք վերադարձի մասին՝ որեւէ պաշտոնական տեղանուն չեն կիրառում, այլ ասում են՝ ներկայիս հայկական տարածք։ Այսինքն, ըստ էության Հայաստանի Հանրապետությունը նրանց համար որպես պետական միավոր, հարեւան երկիր, չկա։

Սա պատմական ռեվիզիոնիզմ է, տեղանվանական պատերազմ, որը հիբրիդային պատերազմի կարեւորագույն մաս է, պաշտոնական մակարդակով վարչական տեղեկատվական ճնշում Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ փափուկ ծավալապաշտություն։ Սա հիմք է նախապատրաստում ապահովելու չակերտավոր լեգիտիմություն՝ ապալեգիտիմացնելով մեր ներկայությունը այս տարածքում։

Սա լուրջ ծրագրված քաղաքականություն է եւ իրականացվում է այն պայմաններում, երբ Հայաստանում ոմանք սարսափում են Արցախ, Ստեփանակերտ բառն արտաբերել, Տիգրանաշենը այլեւս չեն արտաբերում»,-ասաց Վարդան Ոսկանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment