Ամեն ինչ արեցին, որ հայաթափեն մեր երկրորդ հայրենիքը, հիմա անցել են առաջինին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի իշխանության գալու դեպքում Արցախից բռնի տեղահանված անձանց և հայ գերիների վերադարձի հարցերը կլինեն ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, հայտարարել է դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Մենք Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ, ճիշտ դիվանագիտությամբ՝ չհանձնելով մեր շահերը, չհանձնելով արցախցիների շահերը։ Մեր առաջին խնդիրը լինելու է արցախահայությանն արժանապատիվ կյանք ապահովել Հայաստանում, զուգահեռ՝ զբաղվելու ենք վերադարձի իրավունքով։ Արցախի ժողովրդի հարցը լինելու է մեր գլխավոր հարցերից մեկը, դուք կարող եք չանհանգստանալ, անելու ենք ամեն ինչ»,- հայտարարել է նա արցախցիների հետ հանդիպման ժամանակ։

Կարապետյանի խոսքով՝ Արցախի կորստի պատասխանատվությունը կրում է ՀՀ ներկայիս իշխանությունը, որը, նրա պնդմամբ, «ամեն ինչ արեց մեր երկրորդ հայրենիքի հայաթափման համար, իսկ այժմ նույնն անում է առաջին հայրենիքի հետ»։ Նա նաև կոչ է արել արցախցիներին ակտիվ մասնակցել ընտրական գործընթացներին։

«Ոչ մի բան կորսված չի, բոլորս պայքարելու ենք ձեր իրավունքների համար թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»,- ասել է նա։

Կարապետյանը նաև նշել է դաշինքի ծրագրերը՝ ուղղված արցախցիների մշակույթն ու ավանդույթները Հայաստանում պահպանելուն։ Դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը նույնպես իր կառավարության համար առաջնահերթություն կլինի։

«Ես վստահ եմ, որ միայն մեր ուժը կարող է լուծել, և այդ հարցին լուծում տալու ենք։ Քանի որ դուք գիտեք, այնտեղ իմ ընկերներն են, և ես իրավունք չունեմ այդ հարցը չդարձնել մեր կառավարության գլխավոր հարց»,- ասել է նա։

Կարապետյանը նաև մեկնաբանել է իշխանափոփոխությունից և ներկայիս «սուպերվարչապետական ​​համակարգի» վերացումից հետո Հայաստանում կառավարման համակարգը փոխելու հնարավորությունը։ Դաշինքի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար ճիշտ կառավարման մոդելը կիսանախագահականն է, որն ստեղծում է ավելի մեծ հնարավորություններ իշխանության թևերի միջև հավասարակշռության համար։

Armenia Today

Leave a comment