Բողոքի ցույցերից հետո Էրդողանը վերաբացել է Ստամբուլի հայտնի համալսարանը

Քաղաքականություն

25.05.2026 | 23:29

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Ստամբուլի Բիլգի համալսարանի վերաբացման վերաբերյալ, գրում է Bianet-ը։

Վերջին հրամանագիրը չեղյալ է հայտարարում մայիսի 22-ին հրապարակվածը։

«Բարձրագույն կրթության խորհրդի նախագահության նամակի համաձայն՝ որոշում է կայացվել չեղյալ հայտարարել Ստամբուլի Բիլգի համալսարանի գործունեության լիցենզիան չեղյալ համարելու վերաբերյալ նախագահի 2026 թվականի մայիսի 21-ի թիվ 11384 որոշումը, որի համար հիմնադիր հիմնադրամում նշանակվել էր հոգաբարձու՝ համաձայն «Բարձրագույն կրթության մասին» թիվ 2547 օրենքի լրացուցիչ 11-րդ հոդվածի»,- ասվում է նոր հրամանագրում։

Փակման որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել ուսանողների շրջանում, որոնք վերջին երեք օրերի ընթացքում հրաժարվում էին լքել համալսարանական տարածքը: Նախօրեին ոստիկանությունը բողոքի ակցիային արձագանքել էր  արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով՝ ձերբակալելով մի քանի ուսանողների: Տասնյակ ուսանողներ զբաղեցրել էին համալսարանի շենքը, սսակայն ոստիկանությունը հեռացրել էր նրանց։

Համալսարանի հիմնադրամը կառավարվում էր հոգաբարձուի կողմից սեպտեմբերից՝ «Can Holding»-ի առգրավումից հետո, որը տեղի էր ունեցել Խնայողական ավանդների ապահովագրության հիմնադրամի (TMSF) կողմից՝ փողերի լվացման լայնածավալ հետաքննության շրջանակում։ 2019 թվականից ի վեր համալսարանը հովանավորում է ավելի քան 120 ընկերություն, այդ թվում՝ խոշոր հեռուստաալիքներ միավորող Can Holding -ը։ Ներկայում Can Holding-ի կազմում ընդգրկված ընկերությունները պետության վերահսկողության տակ են:

Համալսարանի լիցենզիան չեղյալ էր հայտարարվել «Բարձրագույն կրթության մասին» թիվ 2547 օրենքի լրացուցիչ 11-րդ հոդվածի համաձայն, որը թույլ է տալիս Բարձրագույն կրթության խորհրդին (YÖK) փակել համալսարանը, եթե ուսումնական հաստատությունում կրթության որակը համարվում է անբավարար, և «իրավիճակը շտկելու առաջարկություններն ու նախազգուշացումները» չեն իրականացվում։

1996 թվականին հիմնադրված Ստամբուլի Բիլգի համալսարանը երկրի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից է և չորրորդ հիմնադրամային համալսարանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment