ՀՀ ՍԱՏՄ-ն թույլ չի տվել ելակի խմբաքանակի արտահանումը Ռուսաստան՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման պատճառով (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ՍԱՏՄ-ն թույլ չի տվել ելակի խմբաքանակի արտահանումը Ռուսաստան՝ կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը


ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/ԱՌԿԱ/․ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը թույլ չի տվել ելակի խմբաքանակի արտահանումը Ռուսաստան՝ կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։


Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ հայ բեռնատարների վարորդներն ու գործարարները դժգոհում են Բագրատաշենի անցակետով դեպի Ռուսաստան ելակի արտահանման անհնարինությունից։ Նրա խոսքով՝ բեռը վերադարձվել է այն բանից հետո, երբ բուսասանիտարական ծառայությունները հղում են արել արտադրանքում անթույլատրելի նյութի հայտնաբերմանը։


«ԱՌԿԱ»-ի համար մեկնաբանության մեջ Հարությունյանը հստակեցրել է, որ արտահանումը մերժելու որոշումը կայացրել է լիազոր մարմինը՝ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։


«Արտահանումն արգելելու համար պետք է լինեն համապատասխան հիմքեր։ Այս արտադրանքը չի լքել երկրի տարածքը, քանի որ լաբորատոր ստուգման արդյունքում դրանում հայտնաբերվել են կարանտինային վնասակար օրգանիզմներ։ Նման խախտումներով բեռը չի կարող հատել սահմանը»,- նշել է Հարությունյանը՝ չհայտնելով ելակի այդ խմբաքանակի արտահանող ընկերության անունը։


Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին


Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայաստանյան երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։


Բացի այդ, «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։ Կարգավորողն ավելի վաղ հայտարարել էր նաև Հայաստանից ՌԴ մատակարարվող բանջարեղենի և մրգերի վերաբերյալ դժգոհությունների մասին։


 

Leave a comment