Ինչպես ընտանիքները դուրս չմնան անապահովության նպաստ ստանալու համակարգից

ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը նշեց, որ օրենքի կիրառման ընթացքում բացահայտվել են որոշ խնդիրներ, որոնք կարիք ունեն կարգավորման:

Լուսինե Քոչարյան

Նրա ձեւակերպմամբ, մասնավորապես հստակեցվել են ժամանակավոր օթեւան տրամադրելու, խնամքի վերաբերյալ դրույթները, ավելացվել է «սոցիալական սպասարկող» հասկացությունը, բնաիրային օգնությանը վերաբերող դրույթներ եւ այլն: Որոշ դրույթներով հստակեցվել է ընտանիքի անապահովության գնահատման կարգը:

Փոխնախարարին հարց ուղղվեց՝ երբեմն ընտանիքը տեղյակ չի լինում, որ, օրինակ, ընտանիքի տարեց անդամը որեւէ գյուղում ունի հող, եւ գույքահարկը չի վճարել, անգամ գաղափար չունեն, որ չեն վճարել, եւ դա հիմք է դառնում, որ իրենք դուրս մնան անապահովության գնահատման համակարգից, եւ մյուսը՝ երբ հարազատներից մեկի խնդրանքով ինչ-որ մեկի երաշխավոր են դարձել, ու անբարեխիղճ վարկառուի պատճառով իրենց մոտ խնդիր է առաջացել, ապա ինչ է լինելու այս պարագայում:

Փոխնախարարն ասաց, որ ներդրվող անապահովության գնահատման համակարգը մի քանի կարեւոր դրույթ լավարկել է. «Ձեր նշած երկու դրույթը նկատելիորեն փոխվել են, օրինակ՝ նույն երաշխավորի համար, նախկինում շեմն ընդամենը 100 հազար դրամ էր, որն անգամ ապառիկով մեկ հեռախոս վերցնելու գումար չէ, շատ դեպքերում մարդիկ հեռախոս գնելու համար էին երաշխավորում ինչ-որ մեկին: Գնահատումը ցույց տվեց, որ այդ պատճառով շատ են դուրս գալիս համակարգից, ուստի մենք բազմապատիկ անգամ գումարը ավելացրել ենք, եւ վաղեմության ժամկետը փոխել ենք»:

Ինչ վերաբերում է գույքահարկի հետ կապված խնդրին, նախարարի տեղակալը նշեց. «Դա էլ է փոփոխության ենթարկվել, թե գյուղատնտեսական նշանակության եկամուտներն ինչպես ենք նայելու: Միայն բարելավող դրույթներ են նախագծում փոփոխվել, որոնք հիմնված են այն բանի վրա, թե ինչ պատճառներով են ընտանիքները մերժվել, որ իրական կարիք ունեին անապահովության նպաստի»:

Հավելենք, որ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական փաթեթին: Համակարգի ամբողջական ներդրման ժամկետը սահմանվել է 2026 թվականի հուլիսի 1-ը:

Տեսանյութը՝ քիչ անց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment