Խոսրով Հարությունյան․ ՌԴ-ն Հայաստանից պահանջում է հստակություն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ պետք է ընդունել մեծ վերապահումներով։

Aysor.am-ի հետ զրույցում Հարությունյանը հիշեցրեց Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում՝ այն որակելով որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դեմ ուղղված խոսք։ Նրա խոսքով՝ այսօր վարչապետի հայտարարությունները Վլադիմիր Պուտինի հետ «մտերմիկ և ընկերական հարաբերությունների» մասին համոզիչ չեն թվում։

Խոսրով Հարությունյանը անդրադարձավ նաև ապրիլի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպմանը՝ նշելով, որ ՌԴ նախագահը բավական հստակ ընդգծել է Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից և ռուսական շուկայից։

Նրա գնահատմամբ՝ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը հաշվի կառնի նաև Ռուսաստանի քաղաքական և ռազմավարական շահերը։

Նախկին ԱԺ նախագահի խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում խոշոր պետությունները դարձել են ավելի կոշտ և պահանջկոտ, իսկ փոքր երկրները ստիպված են հստակեցնել իրենց դիրքորոշումները։ Նա համոզված է, որ Հայաստանը մոտ ապագայում Եվրամիության անդամ դառնալու իրական հնարավորություն չունի, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է հստակ պատասխան՝ «մեզ հե՞տ եք, թե՞ մեր դեմ»։

Հարությունյանը նաև զգուշացնում է, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է հետևանքներ ունենալ, եթե այն հակասի կառույցի շահերին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարության ուղերձները հասցեագրված են ոչ միայն իշխանություններին, այլև Հայաստանի հասարակությանը, հատկապես նախընտրական շրջանում։

Նա ընդգծեց՝ խոսքը Ռուսաստանին «սիրելու» մասին չէ, այլ՝ հայ-ռուսական հարաբերություններին պետական շահերից բխող պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելու։

Leave a comment