Ուշացած արդարադատություն` ողջամիտ ժամկետի խախտման հետեւանքով
Երբ տոտալ խախտվում է անձի իրավունքը, առանց ներպետական դատական ատյանները սպառելու էլ, կարող է գանգատ ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հենց նմանատիպ մի գործով էլ ՄԻԵԴ – ն այսօր վճիռ է կայացրել։
«Մենք համարձակություն ունեցանք մեր պետական ատյանները չանցնենք, եւ իրավամբ, Եվրոպական դատարանը եւս դա գնահատեց, որ խախտումը ակնհայտ է, եւ իրականացրեց արդարադատություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, ով ներկայացրել էր բողոքը։
Դիմումատուների բողոքն ընդդեմ Հայաստանի Եվրադատարանը բավարարել էր, քանի որ դատական գործընթացը տեւել էր 7-ից 13 տարի։
«Իսկ ցավոք սրտի, Հայաստանում օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներով ունենք դատական գործեր, որ տարիներով ձգվում են: Որպես իրավապաշտպան, այլ բան չկար, քան դիմեինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին», -ասաց փաստաբանը։
Լեւոն Բաղդասարյանի միաժամանակ նշում է, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում, սակայն եթե պետական լիազոր մարմինները նորմալ աշխատեն, ապա գործերի մոտ 35 տոկոսը դատարան չի հասնի։
«Եթե պետությունը, գործադիրը չի կարողանում այնպես ապահովել, որ դատական իշխանությունը գոնե, նորմալ չափով գործի, ապա որպես իրավապաշտպան, ես եւ մեր թիմը որոշեցինք, որ այդ ձեւով կաշկանդենք»,-ավելացրեց նա։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը ասում է՝ ՄԻԵԴ-ը ճիշտ արձանագրում է արել․ փոխանակ ապացուցման ծանր բեռը թողնեն պետության վրա, թողնում են քաղաքացու ուսերին, ինչի պատճառով էլ ողջամիտ ժամկետները խախտվում են։
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներ Արթուր Ղազարյանի եւ Անդրանիկ Մկրտչյանի գործերով ողջամիտ ժամկետների խախտման փաստով եւս ՄԻԵԴ բողոք է ներկայացվել․ «Եվրոպական դատարանը թեեւ դեռ որոշում չի կայացրել, բայց արդեն կոմունիկացիան սկսել է պետության հետ: Այսինքն՝ ընդունել է, որ ըստ էության ողջամիտ ժամկետի խախտում առկա է»,- հավելում է պաշտպանը։ :
Մի գործով 15, իսկ մյուսով 7 տարի նախաքննություն է ընթանում։