Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում սկսվել եւ ավարտվել է 2-րդ փուլի հայտագրման գործընթացը։
Նա հիշեցրեց, որ առաջին փուլը տարբերվում է հայտագրման երկրորդ եւ երրորդ փուլերից, քանի որ առաջին փուլում դիմորդները հայտագրում են առավելագույնը 2 միասնական քննություն, իսկ երկրորդ եւ երրորդ փուլերում քննությունների հետ միասին հայտագրում են նաեւ բուհն ու մասնագիտությունը։
Այսպիսով, 2-րդ փուլի հայտագրման արդյունքների համաձայն՝ գրանցվել է 16482 դիմորդ, եւ ԳԹԿ-ն անցկացնելու է 21130 դիմորդ-քննություն։
Հունիսի 12-ին կկայանան «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն», հունիսի 16-ին՝ «Օտար լեզուներ», հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 23-ին՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», հունիսի 26-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն», հունիսի 30-ին՝ «Ֆիզիկա», «Հայոց պատմություն» առարկաների քննությունները, այնուհետեւ՝ լրացուցիչ քննությունները։
Կարո Նասիբյանը, ի թիվս այլնի, տեղեկացրեց, որ դիմորդների ընդհանուր թվով առաջին տեղում ԵՊՀ-ն է, երկրորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, երրորդում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, չորրորդում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ապա՝ Երեւանի պետական բժշկական համալսարանը։
Ինչ վերաբերում է մրցակցությանը, ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, օրինակ, Երևանի բժշկական համալսարանում ստոմատոլոգիա կրթական ծրագրով 1 տեղի համար ցուցանիշը 2,9 է, բուժական գործի պարագայում՝ 1 տեղի համար 2,3։ Ավանդաբար շարունակում է մրցակցությունը բարձր լինել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ 1 տեղի համար ցուցանիշը 2,1։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: