ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդները երկրորդ անգամ «Սյ

Այսօր՝ մայիսի 21-ին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ OSCE/ODIHR երկարաժամկետ դիտորդներ  Լարս Նուհոլմին (Դանիայից) և Պեկկա Մատտիլային (Ֆինլանդիայից) այցելեցին «Սյունյաց երկրի» խմբագրություն:

Դիտորդներին հետաքրքրում էին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի դիտարկումներն ու գնահատականները 2026 թ  հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքի վերաբերյալ։

Պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանը հատկապես անթույլատրելի համարեց վարչական ռեսուրսի օգտագործումը, որն այլևս ակնհայտ է։

Քարոզարշավը, կարծեք, դուրս է եկել Ընտրական օրենսգրքի սահմանած կանոնների շրջանակից։

Հատկապես վտանգավոր համարվեցին իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ հնչող սպառնալիքները, հայհոյանքները, ինչպես և անմեղության կանխավարկածն անտես անելով՝ ընդդիմախոսներին ամենածանր հանցագործությունների մեջ մեղադրելը։

– Ստեղծված արտառոցությունները չվերացնելու դեպքում դժվար թե ընտրողներն ազատ կամարտահայտության հնարավորություն ունենան, – նշեց Սամվել Ալեքսանյանը։

Խմբագիրը չափազանց կարևոր համարեց նաև, որ Սյունիք այցելող քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում տեսակետներ հայտնեն սյունիքյան կոնկրետ հիմնախնդիրների վերաբերյալ, այլապես նրանց քարոզը չի կարող լրջորեն ընկալվել և նշանակություն ունենալ սյունեցի արժանապատիվ ընտրողների համար։

Սամվել Ալեքսանյանը վերջում անդրադարձավ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 11-12-ին Երևան կատարած երկօրյա այցից հետո հրապարակած միջանկյալ զեկույցին, որը, ցավոք, կրկնակի ստանդարտների և իրականությունը շրջանցելու բացառիկ նմուշ է։

 

 

Leave a comment