Այսօր՝ մայիսի 21-ին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ OSCE/ODIHR երկարաժամկետ դիտորդներ Լարս Նուհոլմին (Դանիայից) և Պեկկա Մատտիլային (Ֆինլանդիայից) այցելեցին «Սյունյաց երկրի» խմբագրություն:
Դիտորդներին հետաքրքրում էին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի դիտարկումներն ու գնահատականները 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքի վերաբերյալ։
Պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանը հատկապես անթույլատրելի համարեց վարչական ռեսուրսի օգտագործումը, որն այլևս ակնհայտ է։
Քարոզարշավը, կարծեք, դուրս է եկել Ընտրական օրենսգրքի սահմանած կանոնների շրջանակից։
Հատկապես վտանգավոր համարվեցին իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ հնչող սպառնալիքները, հայհոյանքները, ինչպես և անմեղության կանխավարկածն անտես անելով՝ ընդդիմախոսներին ամենածանր հանցագործությունների մեջ մեղադրելը։
– Ստեղծված արտառոցությունները չվերացնելու դեպքում դժվար թե ընտրողներն ազատ կամարտահայտության հնարավորություն ունենան, – նշեց Սամվել Ալեքսանյանը։
Խմբագիրը չափազանց կարևոր համարեց նաև, որ Սյունիք այցելող քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում տեսակետներ հայտնեն սյունիքյան կոնկրետ հիմնախնդիրների վերաբերյալ, այլապես նրանց քարոզը չի կարող լրջորեն ընկալվել և նշանակություն ունենալ սյունեցի արժանապատիվ ընտրողների համար։
Սամվել Ալեքսանյանը վերջում անդրադարձավ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 11-12-ին Երևան կատարած երկօրյա այցից հետո հրապարակած միջանկյալ զեկույցին, որը, ցավոք, կրկնակի ստանդարտների և իրականությունը շրջանցելու բացառիկ նմուշ է։