«Փաստերի ստուգման հարթակը» օրերս վիզաների ազատականացման վերաբերյալ կարճ տեսանյութից հետո, ընթերցողներից բազմաթիվ հարցեր է ստացել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման թեմայով և ներկայացնում է ավելի մանրամասն տեղեկություն այս գործընթացի մասին։
Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում նոր կարևոր փուլ է սկսվել։ Խոսքը վիզաների ազատականացման գործընթացի մասին է, որն ապագայում կարող է հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի մեկնել Շենգենյան գոտու երկրներ։
2024 թվականի սեպտեմբերին Երևանում պաշտոնապես մեկնարկեց այս հարցի շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսությունը, իսկ 2025 թվականին հայկական կողմին փոխանցվեց հատուկ գործողությունների ծրագիր, որտեղ նշված է՝ ինչ փոփոխություններ պետք է իրականացնի Հայաստանը, որպեսզի հասնի այդ նպատակին։
Բայց ի՞նչ է իրականում նշանակում վիզաների ազատականացումը, և ինչպե՞ս այն կարող է ազդել մարդկանց կյանքի վրա։
Ի՞նչ է փոխվելու
Երբ գործընթացը հաջող ավարտվի, Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Շենգենյան գոտու երկրներ և այնտեղ մնալ մինչև 90 օր՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։
Սա նշանակում է, որ Եվրոպա մեկնելու համար այլևս անհրաժեշտ չի լինի ամիսներով փաստաթղթեր հավաքել, հարցազրույցների մասնակցել կամ վիզայի համար վճարել։ Ճանապարհորդելը կդառնա ավելի հեշտ, արագ և հասանելի։
Սակայն կարևոր է հասկանալ, որ սա չի նշանակում Եվրոպայում մշտական ապրելու կամ աշխատելու իրավունք։ Խոսքը հիմնականում կարճաժամկետ այցելությունների մասին է՝ զբոսաշրջություն, ուսում, կոնֆերանսներ, գործնական հանդիպումներ կամ հարազատներին այցելություն։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը
Եվրոպական Միությունը վիզային ազատ ռեժիմ չի տրամադրում պարզապես քաղաքական հայտարարությունների հիման վրա։ Յուրաքանչյուր երկիր պետք է կատարի մի շարք պահանջներ և բարեփոխումներ։
Հայաստանը պետք է՝
- բարելավի կենսաչափական անձնագրերի համակարգը,
- ուժեղացնի սահմանների վերահսկողությունը,
- պայքարի կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ,
- ապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը,
- միգրացիոն համակարգը մոտեցնի եվրոպական չափանիշներին։
ԵՄ-ն հետևելու է, թե որքան արդյունավետ են իրականացվում այս փոփոխությունները։ Կարևոր են նաև այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ապաստան հայցողների թիվը կամ եվրոպական երկրներում անօրինական մնալու դեպքերը։
Ինչո՞ւ է սա կարևոր մարդկանց համար
Վիզաների ազատականացումը միայն մարդկանց շարժունակության մասին չէ։ Այս գործընթացն արտացոլում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը։
Բացի այդ, ավելի հեշտ կդառնան գործնական կապերը, մշակութային փոխանակումները և պարզապես ճանապարհորդելը։
Շատերի համար սա նաև հոգեբանական նշանակություն ունի․ մարդիկ իրենց ավելի մոտ կզգան Եվրոպային և ավելի ազատ կկարողանան շփվել աշխարհի հետ։
Ե՞րբ կարող է դա իրականություն դառնալ
Այս պահին հստակ ժամկետներ չկան, քանի որ վերջնական որոշումը կախված է նրանից, թե որքան արագ և արդյունավետ Հայաստանը կիրականացնի անհրաժեշտ բարեփոխումները։
Վերջնական որոշումը պետք է ընդունեն Եվրոպական Միության անդամ պետությունները և Եվրոպական խորհրդարանը։
Այսինքն, ճանապարհը դեռ երկար է, բայց գործընթացի մեկնարկն արդեն կարևոր քայլ է։ Եթե Հայաստանը հաջողությամբ անցնի այդ ճանապարհը, ապագայում Եվրոպա մեկնելը կարող է դառնալ շատ ավելի պարզ ու հասանելի յուրաքանչյուր քաղաքացու համար։
Արեն Նահապետյան
Գլխավոր լուսանկարը գեներացված է ԱԲ-ի միջոցով
The post Դեպի Եվրոպա առանց վիզայի՞. ի՞նչ է նշանակում վիզաների ազատականացումը Հայաստանի համար appeared first on FIP.AM.