Ասել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. Կամենդատյան

1. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 998-1084 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Սյունիքի մարզի հիմնական մասն ընդգրկող ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
2. Նախորդ կետում նշված տարածքը 1084-1261 թվականներին անձնական ունիայով կցված է եղել Արցախը և Ուտիքի որոշ մասեր ընդգրկող ԽԱՉԵՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ,
3. ՀՀ ներկայիս տարածքի կրկին հիմնական՝ հյուսիսային, մասում 978-1261 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Լոռու և Տավուշի մարզերն ընդգրկող ԼՈՌՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
4. 1261-1495 թվականներին ՀՀ ներկայիս տարածքում իշխանություն է իրականացրել Օրբելյանների իշխանությունը, ընդ որում ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԸ կրել են «իշխանաց-իշխան» կոչումը և, մոնղոլների իշխանության անկման ու հետագա թուրքմենների թույլ տիրապետության պայմաններում, հաճախ եղել են փաստացի անկախ,
5. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 1495-1828 թվականներին գործել են ՍՅՈՒՆԻՔԻ ՄԵԼԻՔՆԵՐԸ, որոնք 1722-1735 թվականներին հասել են նույնիսկ լիարժեք ինքնիշխան կարգավիճակի,
6. ՀՀ ներկայիս տարածքում գործող որոշ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ հայերն ունեցել են քաղաքային լայն ինքնավարություն՝ Երևան, Մեղրի, Ղափան, Ագուլիս և այլն,
7. ՀՀ ներկայիս տարածքում 1045-1918 թվականներին գործել է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ, որն իրականացրել է պետությանը բնորոշ պետական կառավարման որոշ տարրեր՝ տեղական ինքնակառավարում, տեղական դատավարություն և, մասնակի, տեղական ֆինանսների տնօրինում: Նույն ՀԱՍԵ-ն երբեմն իրականացրել է նաև արտաքին գործառույթներ՝ կարգավորելով հայ ժողովրդի հարաբերությունները թուրքմեն տիրակալների, օսմանյան սուլթանների և պարսկական շահերի հետ, իսկ երբեմն նաև այն ղեկավարել ու տոն է տվել ազատագրական պայքարին՝ կապեր հաստատելով եվրոպական երկրների հետ:
Արդյունքում՝ ասել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է, քանզի «պետականություն» կոչված երևույթը ԲԱՐԴ և ԲԱԶՄԱՏԱՐՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ է, որի զգալի, իսկ երբեմն էլ հիմնական տարրեր հայերը նույն այս տարածքում ԵՐԲԵՔ չեն դադարել ունենալուց: Առավելագույնը, որ կարելի է ասել, դա այն է, որ ՀՀ ներկայիս տարածքում նշված ժամանակաշրջանում հայերը ինքնիշխան և լիովին ազատ պետականություն չեն ունեցել, սակայն, երբ դրսում իշխում էին սելջուկները, մոնղոլները, օսմաններն ու պարսիկները, այս տարածաշրջանում լիարժեք ինքնիշխան ՈՉ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ չի եղել:
Ոչ մի պետություն, բացառությամբ, թերևս, Օսմանյան սուլթանության, Սեֆյանների ու նրա իրավահաջորդ Աֆշարների և Ղաջարների շահությունների, ինչպես նաև՝ Ռուսական կայսրության: Այս երեք ուժերն են, իսկ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՑ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՉԵՆ ԵՂԵԼ ոչ Քարթլիի, Կախեթիի և Իմերեթիայի թագավորությունները, ոչ տեղական խանությունները, ոչ էլ Հյուսիսային Կովկասի լեռնեցիները, բոլորն էլ այս կամ այն կերպ ենթակա են եղել այն առաջին երեքին կամ դրանց նախորդած մոնղոլներին ու սելջուկներին:

ՄԻ ՊԱՐԶՈՒՆԱԿԱՆԱՑՐԵՔ Հայոց պատմությունը՝ դրանով անտեղի սնունդ տալով ազգային թերարժեքության բարդույթին, թե. «Վերջին 1000 տարում՝ 1045-1918 թվականների միջակայքում, հայերն այստեղ պետություն չեն ունեցել»: Մի արեք, ԹՇՆԱՄԻՆ ԻՆՔՆ Է ՆՄԱՆ ՍԽԱԼ ՊՆԴՈՒՄՆԵՐ ԱՆՈՒՄ՝ մեր ազգին ու նրա անցած ուղին վարկաբեկելու համար, ջուր մի լցրեք թշնամու գաղափարական ջրաղացին:

 

Leave a comment