Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցել է Վատիկանում Նորին Սրբություն Արամ Ա, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցի ընթացքում տեղի ունեցած մի շարք միջոցառումների
Մայիսի 18-ին Նորին Սրբություն Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ։ Սա Կիլիկիոյ Հայոց Կաթողիկոսի առաջին պաշտոնական այցն էր նորընտիր Քահանայապետին։ Անձնական հանդիպումից հետո կայացել է համատեղ աղոթք Առաքելական պալատի Ուրբանոս VIII մատուռում։ Այցի ընթացքում Նորին Սրբությունը նաև հանդիպումներ է ունեցել Քրիստոնեական միասնության խթանման բաժնի և Հռոմեական Կուրիայի այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Նորին Սրբություն Արամ Ա-ն Հռոմ էր ժամանել մայիսի 17-ին։ Ֆյումիչինո օդանավակայանում նրան դիմավորողների թվում էր նաև Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ իր ներկայությամբ վերահաստատելով Հայ Առաքելական Եկեղեցու երկու կաթողիկոսությունների միջև տիրող միասնականության, փոխադարձ հարգանքի և համագործակցության ոգին։
Մայիսի 18-ի երեկոյան, Քրիստոնեական միասնության խթանման բաժնի ղեկավար Նորին Վսեմություն կարդինալ Կուրտ Կոխի հրավերով, արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցել է Նորին Սրբություն Արամ Ա-ի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին։ Հանդիպումն ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա ջերմ հարաբերություններն ու էկումենիկ երկխոսության շարունակական զարգացումը։
Մայիսի 19-ին, Քահանայապետական Արևելյան ինստիտուտում, որը գործում է Քահանայապետական Գրիգորյան համալսարանի կազմում, Նորին Սրբություն Արամ Ա-ն հանդես է եկել հրապարակային դասախոսությամբ՝ նվիրված Մերձավոր Արևելքի եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին։ Համալսարանի ռեկտորի հրավերով դասախոսությանը և դրան հաջորդած ճաշին մասնակցել է նաև արքեպիսկոպոս Պարսամյանը։
Այցի շրջանակում Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցել է նաև Դոմուս Սանտա Մարտայում Նորին Սրբություն Արամ Ա-ի կողմից կազմակերպված ընթրիքին, որը ևս առիթ է դարձել եղբայրական շփումների և մտքերի փոխանակման համար։
Նորին Սրբություն Արամ Ա-ի այցը Հռոմ կարևոր վկայություն է Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջև գոյություն ունեցող պատմական ու եղբայրական կապերի։ Իսկ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությունը այցի մի շարք միջոցառումներին ևս մեկ անգամ ընդգծում է նրա դերը երկու Եկեղեցիների միջև համագործակցության, երկխոսության և քրիստոնեական միասնության խթանման գործում։
Արևմտյան Եվրոպայում Հայ Առաքելական Եկեղեցու Պատրիարքական Լիազորի Գրասենյակ
Հայ Եկեղեցու Ներկայացուցչություն Սուրբ Աթոռում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: