Յուան Յուանի ջանքերով Չինաստանում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

Միջազգային մշակութային համագործակցության զարգացման գործում նշանակալի դեր ունեցող Jingse International Culture and Education կազմակերպության նախագահ, Beijing International Music & Art Base (ICMA)-ի և YUAN String Studio-ի հիմնադիր Յուան Յուանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով։ Պարգևը շնորհվել է երաժշտարվեստի զարգացման, միջազգային գործընկերային կապերի ամրապնդման և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբելյանի շրջանակներում։ Մեդալը հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Յուան Յուանի գործունեությունը միավորում է արևելյան և արևմտյան երաժշտական ավանդույթները՝ ձևավորելով նոր մշակութային երկխոսության հարթակներ։ Նրա նախաձեռնությունները միտված են երիտասարդ երաժիշտների կրթական հնարավորությունների ընդլայնմանը, ստեղծագործական փոխանակումների խթանմանը և մշակութային ժառանգության պահպանմանը։

Նրա գործունեության կարևոր ուղղություններից է նաև հայկական երաժշտական մշակույթի ներկայացումը Չինաստանում։ Յուան Յուանի նախաձեռնությամբ 2023 թվականին առաջին անգամ Չինաստանում անցկացվեց Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը, իսկ արդեն 2024-ին կայացավ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը՝ դառնալով երիտասարդ երաժիշտների միջազգային կարևոր հարթակ։

Յուան Յուանը կարևոր դեր է խաղացել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջազգային գործունեության ընդլայնման գործում։ Նրա աջակցությամբ նվագախումբը հանդես է եկել Չինաստանում՝ նպաստելով հայկական երաժշտարվեստի ճանաչմանը և հայ-չինական մշակութային համագործակցության խորացմանը։

Նրա լայնածավալ մշակութային գործունեությունը վկայում է, թե ինչպես կարող է արվեստը դառնալ ժողովուրդների միջև կամուրջ՝ ստեղծելով երկարաժամկետ արժեքներ միջազգային մշակութային կյանքում։

Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment