Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ–ն արձագանքել է դիմորդների բողոքներին

Բաժանորդագրվել

ԳԹԿ–ից հավաստիացնում են, որ հայտագրման ցանկություն ունեցող որևէ դիմորդ խնդրի առաջ չի կանգնի և չի լինի այնպես, որ որևէ դիմորդը չհասցնի գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Բազմաթիվ դիմորդներ չեն կարողանում մուտք գործել Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջ` լրացնելու ընդունելության դիմում–հայտը։ Այդ մասին դիմորդներն իրենց դժգոհությունը հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառման տակ։

Նրանցից ոմանք նշել են, որ թեև բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրման վերջնաժամկետը լրանում է մայիսի 10–ին ժամը 18։00–ին, սակայն մայիսի 9–ի լույս 10–ի գիշերն արդեն իսկ համակարգը փակվել է ու չեն կարողացել լրացնել դիմումը։

Գնահատման և թեստավորման կենտրոն մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ համակարգի խափանման պատճառը խիստ ծանրաբեռնվածությունն է։

«Շատ դիմորդներ հայտագրումը հետաձգում են մինչև վերջին օրը։ Ես հասկանում եմ պատճառը` իրենք հետևում են շարժին, դիմորդների թվին, որ մասնագիտությամբ քանի դիմորդ է դիմում, փորձում են կողմորոշվել, գնահատել իրենց շանսերը և այդ պատճառով թողնում են վերջին պահին։ Արդյունքում համակարգը չի դիմանում, ինչպես այս անգամ եղավ»,– նշեց նա։

ԳԹԿ–ից հավաստիացնում են, որ հայտագրման ցանկություն ունեցող որևէ դիմորդ խնդրի առաջ չի կանգնի և չի լինի այնպես, որ որևէ դիմորդը չհասցնի գրանցվել։

«Մենք բոլորին հնարավորություն կտանք հայտագրվելու։ Գուցեև լրացուցիչ հայտարարություն լինի այդ մասին, բայց խուճապի մատնվել պետք չէ։ Այս պահին համակարգը գործում է ու գործում է խիստ ծանրաբեռնված։ Եթե մեկ անգամից չի ստացվում գրանցվել, թող կրկին անգամ փորձ կատարեն»,– ընդգծեց Գրիգորյանը։

Նշենք, որ 2026–2027 թթ. ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 15–ից։

Դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Leave a comment