ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը չկայացավ․ պատգամավորները հարցեր չունեին

Քաղաքականություն

06.05.2026 | 16:59

Կառավարության անդամների և ԱԺ պատգամավորների միջև այսօր նախատեսված հարցուպատասխանը տեղի չունեցավ։ Ըստ ԱԺ կանոնակարգի՝ ԱԺ լիագումար նիստերին յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 16:30-ին վարչապետը և նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին։

Նիստի մեկնարկին հարցեր տալու համար գրանցվեց ՔՊ-ական 3 պատգամավոր, սակայն բոլորն էլ անմիջապես հանեցին հարցերը։ Ընդդիմադիրներն էլ չէին ներկայացել նիստին։ ԱԺ նախագահը հայտարարեց նիստի ավարտի մասին։

ՔՊ-ից հարցերի համար գրանցվել էին Լիլիթ Կիրակոսյանը, Էդգար Հակոբյանը և Հռիփսիմե Գրիգորյանը։
Factor.am-ը Հռիփսիմե Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչու գրանցվեց, ապա հրաժարվեց հարց տալ։ «Ընդդիմությունը չէր եկել, կարծում եմ՝ ավելի շատ հարցեր ընդդիմությունը պետք է ունենար, քան՝ մենք, իսկ իրենք չկային»,- ասաց նա։

 

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment