Լոռու մարզում անցկացվել է «Շնորհավորիր վետերանին» ակցիան

Բաժանորդագրվել

Ակցիայի ներկայացուցիչները շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ինչպես նաև Լենինգրադի շրջափակումը և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարները վերապրածներին:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին ընդառաջ Վանաձորում մեկնարկել է «Շնորհավորիր վետերանին» հայրենասիրական ակցիան։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տելեգրամյան ալիքը։

Դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և հայաստանյան ՀԿ-ների նախաձեռնած ակցիան ընդգրկել է Լոռու մարզում բնակվող վետերաններին և շրջափակված Լենինգրադի բնակիչներին:

Նրանց թվում են՝ Վլադիմիր Ռոմանի Ռապացկին (մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը), Միխայիլ Գեղամի Սահակյանը (մասնակցել է Բելառուսի և Լեհաստանի ազատագրմանը, հասել Բեռլին), Վազգեն Մացակի Ավետիքյանը (Անդրկովկասյան ռազմաճակատի 110-րդ հրաձգային գնդում ծառայել է որպես գնդացրորդ), Հայկազ Սարգսի Հակոբյանը (մասնակցել է Դոնի Ռոստովի ու Վորոնեժի պաշտպանությանը, ինչպես նաև Ուկրաինայի ազատագրմանը), Սուրեն Գրիգորիի Ղումաշյանը (ծառայել է ուկրաինական 1-ին ռազմաճակատի հրաձգային գնդում)։

Շնորհավորանքներ ստացել են նաև պաշարված Լենինգրադի բնակիչներ Աննա Պավելի Սորոկինան և Հենրիետա Արտաշեսի Մխիթարյանը:

Leave a comment