Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ զրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն հրաժարվի սադրանքներից։
«Նախագահը նշել է Իրանի կառավարության, ժողովրդի և հզոր զինված ուժերի անսասան վճռականությունը՝ պաշտպանելու Իսլամական Հանրապետության օրինական և անօտարելի իրավունքները և ընդգծել է իր պատրաստակամությունը շարունակել դիվանագիտական գործընթացը՝ արդար համաձայնության հասնելու համար, որը կապահովի Իրանի իրավունքների հարգումը և տարածաշրջանում խաղաղության ու անդորրության հաստատումը։ Նա նշել է, որ դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն դադարեցնի իր սադրիչ գործողությունները», – ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։