CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios

Քաղաքականություն

30.04.2026 | 12:58

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերից կստանա Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։ Այս մասին հաղորդել է Axios-ը, գրում է France 24-ը։

Անանուն աղբյուրներին հղում անելով՝ նշվում է, որ ճեպազրույցը տեղի կունենա հինգշաբթի։ Սպիտակ տունն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։ Axios-ի հաղորդմամբ՝ CENTCOM-ը պատրաստել է Իրանի վրա «կարճ և հզոր» հարվածների ծրագիր, որը, հավանաբար, կներառի ենթակառուցվածքային թիրախներ։ Նշվում է նաև, որ Վաշինգտոնը հույս ունի Իրանին ավելի ճկուն դարձնել միջուկային հարցերի շուրջ բանակցությունների սեղանին։

Ըստ աղբյուրներից մեկի՝ մշակվող այլ տարբերակների թվում են Հորմուզի նեղուցի որոշ հատվածների գրավումը և հատուկ նշանակության ուժերի ուղարկումը՝ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները վերցնելու համար։

Նշենք, որ Թրամփը երեքշաբթի հանդիպել է Chevron-ի և այլ էներգետիկ ընկերությունների բարձր պաշտոնյաների հետ՝ քննարկելու մի շարք թեմաներ, այդ թվում՝ ԱՄՆ նավթի արտադրությունը, նավթի ֆյուչերսները, բեռնափոխադրումները և բնական գազը, նավթային շուկաների հարցը, որոնք ցնցվել են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment