Այն, ինչ Հայաստանում տարիներ շարունակ ներկայացվել է որպես «ռեալպոլիտիկ», գրեթե բոլոր դեպքերում եղել է ոչ թե ինքնիշխան շահի վրա հիմնված քաղաքականություն, այլ արտաքին կենտրոնների պարտադրանքներին հարմարվելու մեխանիզմ։ Տեր-Պետրոսյանից սկսած մինչեւ Քոչարյան եւ նրանց գաղափարական ժառանգները «իրատեսությունը» նույնացրել են զիջողականության եւ հարմարվողականության հետ՝ բարդ իրավիճակներում հրաժարվելով Հայաստանի հիմնարար պետական շահերից։ Այս մոտեցման մեջ պետությունը մշտապես ներկայացել է ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ, ոչ թե խաղացող, այլ խաղատախտակի վրա տեղափոխվող խաղաքար։ Նման ընկալմամբ առաջնորդվող մարդիկ ռեալպոլիտիկը հասկացել են ոչ թե որպես ինքնիշխանության հասնելու գործիք, որը պարզապես հիմնվում է ուժերի հաշվարկի ու արտաքին քաղաքական տեղաշարժերի ու զարգացումների վրա, այլ որպես արտաքին ուժային դերակատարներին կամ գործոններին ենթարկվելու մի լեզու, որի օգնությամբ պետք է հարաբերվել այդ նույն դերակատարների հետ։
Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամլո ասուլիս տվեց։ Հետաքրքիր էր դիտարկել, թե ինչպես է պատկերացնում Քոչարյանը ներկա արտաքին քաղաքական իրավիճակն ու Արցախի ապագան։ Ինչպեսեւ սպասելի էր՝ ամեն ինչ նույնն էր, չկար աշխարհայացքային ոչ մի շեղում։ Արցախի հարցում Քոչարյանի մոտեցումն, օրինակ, հենց վերը նշված «ռեալպոլիտիկի» տրամաբանության մեջ ինչ-որ նոր ուրվագիծ էր միայն ընդունել։ Եթե նախկինում առանցքային էին Արցախի սուբյեկտայնությունը, անվտանգությունը եւ քաղաքական կարգավիճակի օրակարգը, ապա այսօր շեշտը տեղափոխվել է «վերադարձի իրավունք» անունով դիվանագիտական ձեւակերպման վրա։ Սա իհարկե բովանդակային նահանջ է, որտեղ քաղաքական հարցը փոխարինվում է ավելի անվտանգ, արտաքին դերակատարներին հարմար ձեւակերպմամբ։
TRIPP-ի թեմայում եւս նույն պատկերն էր։ Երբ Քոչարյանն ասում է, որ եթե Ռուսաստանը կամ Չինաստանը ներգրավված լինեին այդ նախագծում, ապա Հայաստանի անվտանգությունն ավելի երաշխավորված կլիներ, նա այդ կերպ իրականում Չինաստանն այստեղ օգտագործում է որպես մեղմացնող ֆոն միայն, որպեսզի չերեւա, որ իրական ուղերձը պրոռուսական է։ Նրա պատկերացրած արտաքին քաղաքական դաշտում կա միայն մեկ առանցք՝ Ռուսաստան, եւ այդ առանցքից դուրս մնացած բոլոր խաղացողները դիտարկվում են կամ որպես վտանգ, կամ որպես ժամանակավոր երեւույթ։
Այս մոտեցման մեջ Հայաստանի շահը բնականաբար ինքնուրույն կատեգորիա չէ։ Այն ածանցվում է Կրեմլի քաղաքականությունից, նրա հակադրություններից Արեւմուտքի հետ եւ նրա հարաբերություններից տարածաշրջանի այլ դերակատարների հետ։ Սա ռեալպոլիտիկ չէ, սա կախվածության քաղաքականություն է, որտեղ անվտանգությունը որոնվում է ոչ թե սեփական ուժի, ինստիտուտների եւ ռազմավարության մեջ, այլ արտաքին հովանավորի ստվերի տակ։
Ինչպես պարզ դարձավ ասուլիսից՝ Քոչարյանի արտաքին քաղաքական ուղեգիծը միեւնույնն է մնում է ռուսական այդ «անձրեւանոցը». այն կառուցված է միայն մեկ առանցքի շուրջ՝ Մոսկվայի շահերի ու օրակարգի վրա, իսկ մնացած բոլոր խաղացողները՝ ԱՄՆ, Չինաստան կամ Եվրոպա, դիտարկվում են որպես հավելյալ գործիքներ։ Արցախի հարցում դա արտահայտվում էր առավել շեշտակի՝ այստեղ կարեւոր չէ Արցախի քաղաքական կարգավիճակը, կա միայն «վերադարձի իրավունքը», որի իրացումը երբեւէ կարելի է դնել Մոսկվայի շահերի հովանու տակ, քանի որ այդ իրավունքին դեմ գնալ չի կարող ոչ մի այլ դերակատար։
Սա, ինչպես ասվեց, արտաքին կենտրոնի շահերին համընթաց գոյատեւելու փորձ է եւ արտաքին պարտադրանքներին հարմարվելու փորձ, որտեղ անվտանգությունը որոնվում է ոչ թե սեփական ուժի, պետական ինստիտուտների եւ ռազմավարական կարողությունների մեջ, այլ հովանավորի ներկայության մեջ։
Արժանապատիվ արտաքին քաղաքականությունը չի կարող կառուցվել այս տրամաբանությամբ։ Այն չի սկսվում մեծ տերությունների անունների փոփոխումից եւ դիվանագիտական կոմբինացիաներից։ Այն սկսվում է պետական սուբյեկտայնությունից, սեփական շահի առաջնահերթացումից եւ երկարաժամկետ անկախ ռազմավարության ձեւավորումից։ Քոչարյանի առաջարկած մոդելը այդ որակական շրջադարձը չի տալիս։ Այն ընդամենը հին մտածողության շարունակությունն է նոր պայմաններում, որտեղ պարտության հետեւանքները փորձ է արվում ներկայացնել որպես իրատեսություն։ «Ռեալպոլիտիկի» նման ընկալումը, բնականաբար, վաղ թե ուշ գին է արժենում ու դա վճարվում է պետական ինքնիշխանության հաշվին։